Կարևոր իրադարձություններ

Նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ներկայացրեց ՇՊՀ ռեկտորի կատարած խախտումները

11 Մայիս, 2018 16:05
Նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ներկայացրեց ՇՊՀ  ռեկտորի կատարած խախտումները

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչ խախտումներ է կատարել  ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։

«ՇՊՀ ռեկտորը, չգիտեմ՝ ինչ միջոցներով, համապատասխան լիցենզիաներ է ստացել ԿԳՆ-ից՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա մասնագիտություններ տրամադրելու համար, և այդ լիցենզիաների կարևոր կետերից մեկը, որ բուհը պետք է ունենա երեք հիմնական գիտթեկնածու դասախոսներ, պահպանված չէ։ Ոնց որ ես իտալական շոկոլադի անվան տակ կեղծ շոկոլադ վաճառեմ»,- ասաց Համբարյանը։

Սահակ Մինասյանի վերջին հաշվետվության ֆինանսական մասը նա համարեց խայտառակություն.

«Նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հայտարարեց, որ բուհին թողել է 500 մլն դրամ, իսկ պարոն Մինասյանի հաշվետվությունից պարզվում է, որ 2017թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՇՊՀ-ի բյուջեի բացասական սալդոն կազմում է 242 մլն 273 հազար դրամ։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչ փողերի լվացում է տեղի ունենում ՇՊՀ-ում, ասեմ, որ պարոն Մինասյանի թալանչիական գործունեության արդյունքում, պարզվում է, որ օրինակ՝ տրանսպորտային ծախսերի համար միայն 2.5 մլն դրամ տրամադրել է բուհի ֆուտզալի հավաքականին։ Այդ թիմի ծախսերն ահռելի են։ 1 ամիս առաջ Արցախի պետական համալսարանում խոշոր գիտաժողով տեղի ունեցավ, որին մեր ուսանողները ևս պետք է մասնակցեին, բայց պարոն Մինասյանը 200 հազար դրամ չտրամադրեց այդ երեխաներին, իսկ ֆուտզալի թիմին միլիոնավոր դրամներ է տալիս, որ շրջագայեն ամբողջ Հայաստանով մեկ: Բացի այդ Պարոն Մինասյանը 14 մլն դրամ տրամադրել է բուհի համար դիզելային գեներատոր (դվիժոկ) գնելու համար. մեր բուհը ոչ ռազմավարական օբյեկտ է, որ 2 ժամ հոսանք չլինելու պատճառով լուրջ խնդիրներ ունենա, ոչ էլ շատ կարևոր լաբորատորիա է, որ շիճուկներ փչանան, և այլն։ Հարց է առաջանում՝ 30 հազար դոլար որ տվել՝ այս գեներատորը գնել է բուհի հաշվին, քանի՞ անգամ է օգտագործել։ Նրա աշխատելու երկու տարվա ընթացքում այդ գեներատորը 4-5 անգամ չի աշխատել»,-ասաց նախկին դասախոսը։

Գագիկ Համբարյանն ընդգծեց, որ Սահակ Մինասյանը ԿԳՆ-ին տրամադրած ակտում նշել է, թե 15 մլն 900 հազար դրամ ծախսել է խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա, բայց 2017թ. հաշվետվությունից, ըստ նրա՝ պարզ է դառնում, որ այդ գումարը ծախսվել է ընդամենը բուհի համար կենցաղային սարքավորումներ գնելու համար. «Այնտեղ վերանորոգումն էլ է մտցրել, այստեղ արդեն անկեղծացել է, որ ոչ մի վերանորոգում էլ չկա, սա ընդամենը սարքավորում է։ 

Դասախոսը նկատեց, որ 8 ամիս է՝ բարձրաձայնում են այս խնդիրների մասին, բայց բացարձակ ոչ մի արձագանք չկա։ 

« Սահակ Մինասյանի օգնականը ստանում է 300 հազար դրամ, խորհրդականը ստանում է 200 հազար դրամ, 67-ամյա գործավարուհին, ով համակարգչից օգտվել չգիտի, թեյ ու սուրճ է եփում, ստանում է 200 հազար դրամ։ Գրադարանի տնօրենը ստանում է 350 հազար դրամ, գլխավոր ֆինանսիստը՝ 350 հազար դրամ, գլխավոր հաշվապահը՝ 350 հազար դրամ։ Եվ սա՝ ամենաաղքատ մարզում»,-ասաց Գագիկ Համբարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին