Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը

11 Մայիս, 2018 11:36
ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը

Մայիսի 10-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Դեսպան Կիրակոսյանը մասնակից պետություններին տեղեկացրել է, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ և նույն օրը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդարանի որոշումը:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության և օրենքներին համաձայն: Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝  խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը: Արման Կիրակոսյանը շեշտել է, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել և իրականացրել են կարևորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձևավորելու ժողովրդի իրավունքը:

Դեսպան Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ տվյալ մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն էլ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը: Նշվել է, որ հայ ժողովուրդն առավել քան միասնական է այսօր իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք իրենց անաչառ և հավասարակշռված վերաբերմունքով նպաստեցին Հայաստանում ժողովրդավարության և պետականության զարգացման նոր էջի բացմանը:

ՀՀ նոր վարչապետի ընտրության առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ-ում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչները: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հավաստել են Հայաստանին և հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել ՀՀ-ի հետ երկկողմ համագործակցությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին