Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարարը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արիության դաս է անցկացրել և քննարկել կրթության հետ կապված հարցեր

10 Մայիս, 2018 18:15
Արցախի պետնախարարը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արիության դաս է անցկացրել և քննարկել կրթության հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպումներ ունեցել ուսանողության ու պրոֆեսորադասախոսական­ անձնակազմի հետ:

Ուսանողների հետ հանդիպմանը պետական նախարարը շնորհավորել է նրանց՝ Եռատոնի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանի՝ Շուշիում գործելու հանգամանքը հենց այդ հաղթանակի մեծագույն նվաճումներից մեկն է: Արայիկ Հարությունյանը վերարժևորել է բերդաքաղաքի ազատագրումը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման, Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատման, այնպես էլ ռազմական հետագա հաղթանակների համատեքստում: Նա նաև որոշ մանրամասներ ու հետաքրքրական պատմություններ է ներկայացրել Շուշիի ազատագրական մարտերից՝ որպես այդ գործողությունների անմիջական մասնակից ազատամարտիկ:

Այնուհետև Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ուսանողների ստացած կրթության որակին և բուհի նյութատեխնիկական պայմաններին: Նա, մասնավորապես, կարևորել է ապագա մասնագետների համար գործնական պարապմունքների ավելի հաճախակի կազմակերպումը՝ հորդորելով հանդիպմանը ներկա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պրակտիկ կրթությանը:

«Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Մենք այդ նպատակով ենք հիմնադրել այս բուհը և մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Մեզ անհրաժեշտ են նախաձեռնող ու խելացի մասնագետներ, և կառավարությունը պատրաստ է ընդառաջել ու լայն հնարավորություններ առաջարկել այն շրջանավարտներին, որոնք պատրաստ են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ հայրենի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետնախարարը պատասխանել է նաև ուսանողներին հուզող հարցերին:

Արայի Հարությունյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ քննարկելով բուհական կրթության առկա հիմնախնդիրները: Պետական նախարարն ընդգծել է, որ բացի համալսարանի ունեցած հնարավորություններից՝ պետք է արդյունավետ օգտագործել նաև մասնավոր ու պետական հատվածի ներուժը՝ բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար:

«Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը համալսարանին՝ թե՛ տեխնիկական վերազինման, և թե՛ առաջատար համալսարաններում լավագույն ուսանողների վերապատրաստման համար միջոցներ հատկացնելով: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջընթացը մեծապես կախված է ձեզնից, և, որպես բուհի խորհրդի նախագահ, պահանջում եմ, որ ավելի համարձակ ու նորարարական մոտեցումներ ցուցաբերեք ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական աշխատանքում»,- նշել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասախոսների կողմից հնչեցված մի շարք հարցեր և առաջարկներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին