Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

10 Մայիս, 2018 16:56
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին: Հանդիպումը պլանավորված էր վաղօրոք Հայաստանում, որպես դեսպան, Էյջի Տագուչիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Իր ողջույնի խոսքում ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի կառավարության միջև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ, արգասաբեր, երկարատև համագործակցության ապահովման և սրտացավ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը չի ընդհատվի՝ ապահովելով զարգացում և ընթացիկ ծրագրերի շարունակականություն:  

Հայ-ճապոնական համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետների ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը և կառավարմանը: 2014թ.-ից առ այսօր իրականացվել են

Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը (Landslide Disaster Management Project), 2016թ. և 2017թ. ֆինանսական տարիների համար հայտարարված ՃՄՀԳ (JICA) շրջանավարտների կողմից իրականացվող «Փոքր գրանտային նախագծերի» ("Mini Grant Project") շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան  ու Կողբ գյուղերի երկու դպրոց և ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքի դպրոցներ կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, տարահանման համար նախատեսված պայմանական նշաններով, պատգարակներով, բարձրախոսերով: 

Դեսպանի պաշտոնավարման ընթացքում ստորագրվել և մեկնարկել են «Հրշեջ գույքի բարելավման ծրագիրը» (2017թ.-ի սեպտեմբերի 6), որի իրականացման արդյունքում հանրապետության երեք մարզեր՝ Սյունիք, Լոռի և Շիրակ, կվերազինվեն 36 հրշեջ մեքենայով, 3 շարժասանդուղքով և 1 արհեստանոցով, «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագիրը (2017թ.-ի նոյեմբերի 17), որով նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն: ՀՀ ԱԻՆ-ին նաև կտրամադրվեն 10 արագ արձագանքման մեքենաներ: 

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և հետևողական աշխատանքի համար՝ դեսպան Տագուչին Դավիթ Տոնոյանին վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակվելու է նույն արդյունավետությամբ և խորությամբ:  

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ  սերտ   համագործակցության համար ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության մեդալով»:

 

Լրահոս

Դիտել ավելին