Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր. ՀՔԾ

10 Մայիս, 2018 13:28
Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով:

Այսպես, Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող կարաոկե ակումբի մոտ տաքսու վարորդի հետ վիճաբանելու և իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ ահազանգել է ոստիկանություն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, ապա, պարեկային ավտոմեքենայի մեջ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնի աշխատասենյակներից մեկում վիճաբանել է իրեն բերման ենթարկած ոստիկանների հետ:

Նշված արարքի համար ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Խոշտանգման հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Պ.-ն հայտնել է, որ 29.03.2018թ.-ին ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին, որտեղ իր պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքով, ինչպես նաև բռնություն գործադրելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը: Միաժամանակ հայտնել է, որ ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին