Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Ուղերձում ասվում է.
«Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս։
Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց:
Սուրբ Էջմիածնի կամարների ներքո Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալ Տերը, որ խաղաղ լինի հայոց երկինքը և անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տերը ամուր պահի հայրենի մեր պետականությունը, օրհնի և զորակից լինի մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն»: