Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

08 Մայիս, 2018 14:41
Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

Գործարարներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով։

Ինչպես հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններից», շնորհավորանքում ասվում է. «Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ և վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին:

Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլև շարունակաբար նպաստել Հայաստանի արդար և խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաև հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգևորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Նույն նպատակն ունեինք, երբ 17 տարի առաջ սկսեցինք «Հայաստան 2020» նախագիծը՝ ուսումնասիրելու և դիտարկելու Հայաստանի կենսունակ ապագայի զարգացման ուղիները:

 
 

Այդ ժամանակվանից մեր բազմաթիվ սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով՝ Ազգային մրցունակության հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ, Տաթևի զարգացման ծրագիր, UWC Դիլիջան դպրոց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ(FAST), քայլ առ քայլ՝ նախագիծ առ նախագիծ, մենք վերագտնում ենք մեր երազած Հայաստանը և սովորում կառուցել հայրենի երկիրը:

Առաջին իսկ օրվանից մենք ընդունել ենք, որ մեր ջանքերի դատավորներն ու շահառուները նախ և առաջ այդ օրերի երեխաներն են: Անցյալ շաբաթ մենք ուղղակիորեն ականատես եղանք ուսանողների և երիտասարդ մասնագետների հույսի, սկզբունքի և ուժի դրսևորմանը. նրանք հենց այն երեխաներն էին, որոնց մենք ուզում էինք նոր կարողություններով օժտել:

Այսօր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության և հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացն սկսելու

համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են և կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ և հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի և միջազգային աշխարհի ներգրավվածության և Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ:

Այսօր մենք մնում ենք հավատարիմ հայ ժողովրդի լավագույն ապագան կերտելուն՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին՝ համընդհանուր նպատակներին հասնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին