Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում բացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը

08 Մայիս, 2018 12:16
Ֆրանսիայում բացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը

Ֆրանսիայում մայիսի 8-ին բացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: Առաջին ֆիլմը, որը կդիտեն հանդիսատեսները, կդառնա իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» ժապավենը՝ Պենելոպա Քրուսի եւ Խավիեր Բարդեմի մասնակցությամբ:

Ինչպես հայտարարել է Քրուսը, «Կաննի պալատի աստիճաններով բարձրանալը հսկայական պատիվ է»: «Այս փառատոնը առանձնակի դեր է խաղում կինոարվեստի զարգացման մեջ»,-ասել է նա: Ինչպես լրագրողներին հայտնել է դերասանուհին, Ֆարհադիի իսպանալեզու կինոնկարը ընտանեկան դրամա է: Դրա նկարահանումները շարունակվել են չորս ամիս: «Սա ամենաբարդ դերն է իմ կարիերայում»,-նշել է նա:

«Նոր ալիքի» հիմնադիր Ժան Լյուկ Գոդարը ներկայիս մրցույթին մասնակցում է «Գիրք՝ նկարներում» նոր կինոնկարով: Կաննում իրենց կինոնկարները կցուցադրեն նաեւ ռեժիսորներ Էվա Յուսոնը՝ «Աղջիկներն արեւի տակ», Ստեֆան Բրիզեն՝ «Պատերազմում», Քրիսթոֆ Օնորեն՝ «Դուր գալ, սիրել, արագ վազել»: Իտալիայի կինոարվեստը ներկայացնում են Ալիչե Ռորվահերը՝ «Երջանիկ Լաձարոն», եւ Մատեո Գարոնեն՝ «Շների սիրահարը»: Լեհաստանը ներկայացնում է Պավել Պավլիկովսկին՝ «Սառը պատերազմ» ֆիլմով:

Ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Ռոբերտ Միտչելը կներկայացնի «Սիլվեր-լեյքի ներքո» քրեական թրիլլերը, որի գլխավոր դերերից մեկը խաղում է Էլվիս Փրեսլիի 28-ամյա թոռնուհին՝ Ռայլի Կիոն: Ասիայի կինեմատոգրաֆը ներկայացված կլինի յոթ ժապավենով: Ընդամենը գլխավոր մրցույթին ներկայացված է 21 աշխատանք: Թե ում բաժին կհասնի Ոսկե արմավենու ճուղը, կորոշի ժյուրին՝ ավստրալացի կինոդերասանուհի Քեյթ Բլանշեթի գլխավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին