Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

07 Մայիս, 2018 19:58
Նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի հիմնական ձեռքբերումները:

«Համառոտ վիճակագրություն

Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում հեռուստատեսության թվայնացման մակարդակը 2017թ. կազմել է 100 տոկոս:

Համացանցից օգտվողների (բաժանորդների) թվի տարեկան աճը կազմել է 10-15 տոկոս:
2017թ. ՏՀՏ բնագավառի ծավալը 2016 թվականի նկատմամբ աճել է 5,3%-ով և կազմել 233,8 մլրդ դրամ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 մլրդ դրամ:

ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 800-ի, իսկ ՏՀՏ ընկերությունների աշխատատեղերի թիվը գերազանցել է 15000-ը։

ՏՏ ընկերությունների արտահանման ծավալները կազմել են 57,8 մլրդ դրամ՝ 2016 թվականի համեմատ ապահովելով 27.1% աճ, ընդ որում՝ արտահանումն ունեցել է հետևյալ կառուցվածքը՝ ԱՄՆ և Կանադա՝ 36,4%, Եվրոպա՝ 28,4%, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ՝ 15,4%:

Վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում գրանցվում էր ծավալների անկում: Համեմատած 2017թ-ի առաջին կիսամյակի տվյալների՝ 2018թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշներով գրանցվել է 2.5 % աճ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը պետություն-մասնավոր հատված ձևաչափով հիմնովին վերափոխելն ու անընդհատ զարգացումն ապահովելը վերջին 19 ամիսներին դարձան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը:

ՀՀ կառավարության գործունեության ծրագրին համապատասխան՝ խնդիր դրվեց ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարներն իրագործելու համար: Նրանց հարկային արտոնություններ տալը քայլերից մեկն է:

ՏՀՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրեց 3 մլն դոլարի ներդրում կատարելու և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչական 16 գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում բացվել են ներկայացուցչական 7 գրասենյակներ:

Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին:

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարությունը «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացրեց դրամաշնորհային ծրագիր: Հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած 30 թիմերից ընտրվեցին 2-ը՝ «AR magic» և «Web Pro by Game» նախագծերը: Նրանցից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում ստացավ ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

2017թ.ստեղծված 281 նորաստեղծ ընկերության տրամադրվեց հարկային արտոնությունների հավաստագիր:

Գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը խրախուսելու, գիտական հետազոտությունների արդյունքներն առևտրայնացնելու նպատակով նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2017թ. ծրագրի շրջանակներում հայտարարեց STEP «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որի 2-րդ փուլ անցած 14 կազմակերպություններ ներկայացրին իրենց ծրագրերը: Հանձնաժողովը հաղթող ճանաչեց 5 ծրագիր՝ յուրաքանչյուրին տրամադրելով 2,8 մլն դրամ դրամաշնորհ:

Ուշադրության են արժանի նաև սկսնակ կազմակերպություններին սատարելու և խրախուսելու նպատակով նախարարության իրականացրած ՏՏ ոլորտի խթանման 343.3 մլն դրամ արժեքով երեք ծրագրերը՝ «ՏՏ ոլորտի խթանման ծառայություններ», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» և «2019թ. ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպում»: Դրանից բացի, ևս 15 ծրագիր իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները խթանելու և աջակցելու նպատակով:

Մեծածավալ աշխատանք է կատարվել նաև ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու համար հայտերի ընդունման, խորհրդատվության տրամադրման, հավաստագրման հանձնաժողովի նիստերի կազմակերպման, հայտերում կատարված փոփոխությունների դիմումների ընդունման, մշակման (տեղեկատվական բազաների լրացում՝ մոտ 448 կազմակերպություն) և օրենսդրությամբ սահմանված այլ գործընթացների իրականացման ուղղությամբ:

Միջազգային շուկայում ՏՏ ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու նպատակով հայկական պատվիրակությունները տարբեր կազմերով մասնակցել են միջազգային մի շարք կարևորագույն միջոցառումների: Մասնավորապես, 2017թ. փետրվարին նախարարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին (մասնակցել են նաև 15 հայկական մասնավոր ընկերություններ), ինչպես նաև Իսպանիայի Թագավորությունում անցկացված GMSA շարժական աշխարհի համաշխարհային կոնգրեսում ներկայացվել է «Զանգի» հավելվածը, իսկ նախարարական ծրագրում ներկայացվել են մի շարք այլ նախագծեր:

2017թ. մարտի 24-25-ը Երևանում կազմակերպվեց ՏՀՏ կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը:

Հայաստանը լավագույն կերպով էր ներկայացված 2017թ. տեղի ունեցած «Դիջիթէքէքսպո 2017» ցուցահանդեսում, «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովում, «CSIT-2017» գիտաժողովում, «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրերը. 2017», Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ, հայ-կանադական ՏՀՏ, Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովներում, հայ-կորեական «CUSTOMIZED ICT» սեմինարում և այլն:

Այս ամենին զուգահեռ մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ռազմավարությունը: Զուգահեռաբար աշխատանքներ են կատարվել նաև միջազգային շրջանակներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Մասնավորապես.

Մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՏՀՏ ոլորտում առևտրի սկզբունքների մասին քննարկումները:

2017թ. մարտի 30-ին ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև կնքվել է «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումները բարելավելու ծրագրի համար» դրամաշնորհի Համաձայնագիր:

Ստորագրվել է «ՀՀ և ՌԴ միջև միջազգային հեռահաղորդակցության ռոումինգ ծառայությունների սակագների նվազեցման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
2017թ. դեկտեմբերին նախարարության և Գրանցված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիայի (ICANN) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` Նյու Յորքում «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրվել է «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը, որն ուղղված է Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն:

Դրանից բացի, անցած տարի ներդրված «Մեկ պատուհան» համակարգը հնարավորություն տվեց ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման լիցենզիաները և դրանց վերաբերյալ պարզաբանումները տրամադրել բացառապես առցանց եղանակով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին