Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

07 Մայիս, 2018 12:58
ՀՀԿ-ն բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ  հավատարիմ են մնալու իրենց արած հայտարարությանը  և օժանդակելու են բավարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ:
Ինչ վերաբերում է արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց համբերել, իմանալու համար կողմ կքվեարկեն, թե ոչ:
«Այլ քննարկումներ մենք չենք ծավալել: Ամեն րոպե, ու ամեն օր փոփոխության է ենթարկվում, մնացած հարցերը կքննարկենք հետո: Բազմահազար հայտարարություններ են եղել, ու հետագայում դրանք չեն համապատասխանել հետագա զարգացումներին»,-նկատեց նա:

Հարցին, թե տեսակետ կա, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ից հետո իր դիրքորոշումը փոխեց, քանի որ ցուցարարները պատգամավորների տների մոտ էին հավաքվում, նա արձագանքեց. «Բազմիցս նշել եմ՝ մենք, նաև ցույցը կազմակերպողները և մեր ընդդիմադիր գործիչները ևս հորդորում էին, որ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով, պատգամավորին վտանգ սպառնալը սահմանադրական ճանապա՞րհ է, ոչ: Մտահոգությունները, որ ունեցել ենք, մնում են, դա վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու երկրի անվտանգությանը: Մենք, տեսնելով, որ կազմակերպիչներն ու ցուցարարներն անդրդվելի են մնում, եթե մենք հայտարարություն չտարածեինք, կնշանակեր, որ պարալիզացնում էինք ամբողջ քաղաքական համակարգը, իսկ դա լի էր վտանգներով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին