Ակունք համայնքը տասնամյակներ շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ըմբոստ ու անաչառ վարքագծով: Մեզ միշտ ասում են, թե մենք բարդ ժողովուրդ ենք: Այո՛, բարդ ենք, բայց բարդ ենք մեր պարզության ու ազնվության մեջ:
Աշխատանքի ընթացքում մենք առաջնորդվում ենք համայնքի ժքողովրդին ծառայելու սկզբունքով, լինելով միշտ լիբերալ և հանդուրժող՝ հարգելով համայնքի բնակիչների կարծիքը և շահերը:
Ինչպես Հայրենական պատերազմում, այնպես էլ Արցախյան գոյամարտի պայքարում, համայնքի հարյուրավոր քաջորդիներ իրենց անձնազոհ մասնակցությունն են ունեցել բոլոր մարտական գործողություններում՝ լինելով ամենաթեժ կետերում:
Այսօր էլ մեր շատ ու շատ համագյուղացիներ իրենց մարտական հերթապահությունն են անցկացնում Հայաստանի և Արցախի սահմաններում՝ պաշտպանելով հայրենիքի անվտանգությունը:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք ոչ միայն նյութապես ու ֆինանսապես, այնպես էլ ֆիզիկապես կանգնած ենք եղել մեր նորօրյա հերոս զավակների կողքին: Եվ այսօր այդ հերոսների կողմից բարձրացված համազգային զարթոնքի օրերին ևս մեր համայնքի բնակիչները, և հատկապես՝ երիտասարդները, եղել են շարժման մեջ և ազատ արտահայտել իրենց կամքը՝ միանալով իրենց բազմահազար քույր ու եղբայրներին:
Ակունք համայնքի ղեկավարությունը, ավագանին և համայնքի բնակիչները կոչ են անում ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, հատկապես հանրապետական պատգամավորներին և հատկապես Գեղարքունյաց աշխարհից ծնված մեր հայրենակից պատգամավորներին և հորդորում են՝ չկոտրել մեր որդիների պատերազմում թրծված կամքը և հավատը: Անսալ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պահանջը և միաձայն, ոչ թե կեսով կամ մեկ երրորդով, այլ հարյուր տոկոսով ձայն տալ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:
Դրանով դուք և ամբողջ հայ ժողովուրդը կերտած կլինենք մի նոր մայիսյան հաղթանակի օր:
Միշտ հիշենք դարերի իմաստությունը՝ մինչև չկայունացնենք մեր տան խաղաղությունը, մենք չենք կարող պահպանել մեր հազարավոր հայորդիների կյանքի և արյան գնով ձեռք բերված խաղաղությունը:
Այսուհետ մենք թո՛ղ ունենանք անկուսակցական համակարգ և պետություն: Թող դա կոչվի միաբանության և հանդուրժողականության հայրենիք, այնպիսի միաբանություն, որն ամեն օր կերտում են մեր զինվոր զավակները սահմանի վրա:
Հարգանքներով՝
Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյան և ավագանու անդամներ