Կարևոր իրադարձություններ

Անհնազանդության գործողությունների ժամանակ նռնակները մարդկանց մեջ շպրտելն անթույլատրելի էր. Տ. Աթանեսյան

05 Մայիս, 2018 13:05
Անհնազանդության գործողությունների ժամանակ նռնակները մարդկանց մեջ շպրտելն անթույլատրելի էր.  Տ. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ընթացքում հիմնական դժգոհությունն այն էր, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրականացրել են հասարակական կարգի պահպանություն:

«Իրավաչա՞փ էր դա, թե՞ ոչ: Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի՝ հասարակական պահպանության իրականացման ժամանակ ոստիկանը պետք է լինի համազգեստով: Նպատակը համազգեստը չէ, այլ իրավապահ ներկայացուցչի նույնականացումն է: Օրենքը պահպանող անձը պետք է առանձնանա»,- նշեց փաստաբանը:

Ըստ փաստաբանի` երկրորդ դեպքը կապված էր ոստիկանության գործունեության հետ: Նրա համոզմամբ՝ երբ Էրեբունի փողոցում 20 դիմակավոր անձ ծեծում էր ցուցարարներին, նրանց կողքին կանգնած ոստիկանությունը պետք է նախաձեռնող լիներ, բայց ոչինչ չի նախաձեռնել:

Նշենք, որ Ավան և Էրեբունի վարչական շրջաններում դիմակավոր անձինք մի տեղում մեքենա կոտրեցին, մյուս տեղում ցուցարարների վրա հարձակվեցին: Մինչ օրս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկի ինքնությունը չի պարզվել: 
Փաստաբանը հորդորեց տուժած քաղաքացիներին գնալ ոստիկանության բաժին և պահանջել այդ քննության կատարումը:
Հարցին, թե ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը Բաղրամյան պողոտայում որքանո՞վ էր իրավաչափ, փաստաբանը պատասխանեց, որ այդ պահին հատուկ միջոցի կիրառումը արդարացված էր, բայց ոչ այդ ձևով: Այդ նռնակները մարդկանց մեջ շպրտելն անթույլատրելի էր:

«Եթե դիտարկեինք այն տեսակետից, որ ցուցարարներն ամենասկզբից ճիշտ էին ամեն ինչ անում, ամեն ինչ խաղաղ էր, ապա պետք է գանք այն մտքին, որ ոստիկանությունն առհասարակ ոչինչ պետք է չաներ: Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դա հնարավոր չէ: Ոստիկանությունն ի վերջո հարկադրանքի մարմին է, այդ ժամանակ կար իշխանություն, տրվում էին հրամաններ. պետք է դիտարկենք թե՛ տրված հրամանի իրավաչափության, թե՛ կատարած գործողության տեսակետից»,- նկատեց նա:

Փաստաբանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, 2018 թ.-ի ոստիկանությունը շատ է տարբերվում 2008 թ.-ի ոստիկանությունից, սակայն պրոֆեսիոնալիզմը, ցավոք սրտի, դեռ կաղում է:

 

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին