Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոցների տնօրենները զերծ կմնան սեփական հայեցողությամբ կադրեր ընդունելուց. ներդրվում է նոր կարգ

04 Մայիս, 2018 22:35
Հիվանդանոցների տնօրենները զերծ կմնան սեփական հայեցողությամբ կադրեր ընդունելուց. ներդրվում է նոր կարգ

Պետական ոչ առևտրային հիվանդանոցներում բժշկական կադրերին այսուհետև կընդունեն ոչ թե պարզապես տնօրենի ընտրությամբ, այլ բացառապես բաց մրցույթի արդյունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացված համապատասխան նախագծի մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

«Նախագծով կարգավորվելու է միայն պետական սեփականություն հանդիսացող հաստատությունների բուժաշխատողների ընդունելության կարգը: Մենք համանման կարգ ունենք դեռևս 2011 թվականից, որով սահմանված է, որ պետական հատվածում բուժաշխատողները պետք է ընդունվեն բաց մրցութային կարգով, ոչ թե տնօրենի ուղղակի հրամանով կամ ցանկությամբ: Այդ կարգը ժամանակին կյանքի կոչվեց որպես բավականին լուրջ հակակոռուպցիոն միջոցառում՝ ուղղված բժշկական կազմակերպությունների տնօրենների կողմից կամայականորեն բուժանձնակազմի ընդունման և նշանակման խնդիրների դեմ»,-ասաց Սողոմոնյանը:

Նոր նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումը առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս սեփականության իրավունքով պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը: Եվ փաստացի 2011-ի որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկան դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

 

Լրահոս

Դիտել ավելին