ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երևան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան և հեռախոսը, ինչպես նաև ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից և ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան:
Կալանավորը հայտնել է նաև, որ իր դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալու համար նույն քննիչը քրեական գործով մեղադրյալ Ա. Վ.-ին ազատել է արգելանքից:
Ա. Վ.-ն իր հերթին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցն իր կնոջը ոստիկանություն բերելու և քաշքշուկի մեջ ներքաշելու սպառնալիքներ տալու միջոցով ստիպել է Քննչական կոմիտեի վերը նշված քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ:
Այսպիսով, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Կատարվում է նախաքննություն: