Կարևոր իրադարձություններ

Կնոջը դաժանությամբ ծեծող ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել

04 Մայիս, 2018 15:49
Կնոջը դաժանությամբ ծեծող ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել

«Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը:

Pastinfo.am-ի փոխանցմամբ, ըստ կալանավորի հայտարարության՝ իրեն ապօրինի են պահում կալանքի տակ, այն էլ՝ մեկուսարանում, բացի այդ էլ կալանավորը գտնում է, որ իրեն ոչ թե մեկուսարանում պետք է պահեն, այլ՝ բժշկական հաստատություն տեղափոխեն:

Հաջողվել է պարզել, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով, ինչպես նաեւ՝ 133-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ կալանավորի ինքնավնասման փաստով ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում:

Տղամարդուն առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա 2015 թվականի օգոստոսի վերջից մինչեւ նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում կնոջ նկատմամբ դրսեւորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել է հոգեկան եւ մարմնական տառապանքներ:

Նշված ժամանակահատվածում նա կնոջ նկատմամբ գործադրել է կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական եւ հոգեկան բռնություններ՝ նրան պարբերաբար ծեծել է, մշտապես հսկել եւ սպառնացել է, որ դատի կտա կամ կվնասի կնոջն ու հարազատներին: Տղամարդը կալանքի տակ է գտնվում 2016թ. մարտից:

 

Լրահոս

Դիտել ավելին