Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետ. Էդմոն Մարուքյան

04 Մայիս, 2018 12:44
Նիկոլ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետ. Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե  հնարավոր նոր ձևավորվելիք կառավարությունում իր գործունեությունը որտեղ է տեսնում, նշեց, որ իրենք չեն ունեցել նման քննարկում:
Հարցին, թե մայիսի 8-ից հետո Աժ կանոնակարգ օրենքի կազուս չի առաջանում՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում այլևս ընդդիմություն չի լինելու, ինչը կանոնակարգ օրենքի պահանջ է, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա որևէ բան չեն քննարկում:

«Դա կլինի, ժողովրդական լեզվով ասած, ձուկը ջրում խոսակցություն: Մայիսի 8-ին բոլորի հույսով Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, որից հետո արդեն կխոսենք»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, թե ըստ էության՝ ֆորս-մաժորային իրավիճակ է, և պարզ չէ՝ ով է կայուն մեծամասնությունը:

«Պարզ չէ՝ ինչ է կատարվում, բայց միջազգային պրակտիկայում հետևյալ օրինակը կա, որ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետը: Երբ երեք ուժեր նրան առաջադրել են, և չորրորդ ուժը, որ այս  պահին մեծամասնություն է, ինչ-որ թվով ձայներով աջակցում է, որ ընտրվի երկրի վարչապետ,  ձևավորվում է Կառավարություն, որը կոչվում է փոքրամասնության վարչապետի կառավարություն, որն ի դեպ ժամանակավոր բնույթ է կրելու»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ այն իր առջև դրված խնդիրները կլուծի:

«Առաջին խնդիրը ԸՕ նախապատրաստելն է մինչև արտահերթ ընտրություններ, ինչպես նաև մինչև ընտրություններ երկրի կայունությունն ապահովելը»,- ասաց նա` հավելելով, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել սահմանադրական օրենքի՝  ԸՕ-ի փոփոխության, այլապես ճգնաժամը կշարունակվի:
Հարցին, թե «Ելքը» կրկին դաշինքով արտահերթ ընտրությունների կգնա, թե առաձին, Մարուքյանը պատասխանեց, որ չկա նման քննարկում:
Իսկ թե «Ելքում» տարաձայնությունները հարթվեցին արդյոք, Մարուքյանը պատասխանեց, որ «Ելքում» չկա տարաձայնություն:
«Կային սկզբունքային որոշ հարցեր, քննարկումներ, հիմա  որևէ տարաձայնություն չկա, նոր իրողություն է, նոր իրավիճակ է, իրականացվեց թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջապես, և կանգնենք բոլորս ու աջակցենք  հեղափոխության կապիտալիզացիային և նյութականացմանը՝ հանուն երկրի փոփոխությունների»,- ասաց նա:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին