Կարևոր իրադարձություններ

Հայտնել եմ դեմ քվեարկելու իմ պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Գ. Կոստանյան

04 Մայիս, 2018 12:07
Հայտնել եմ դեմ քվեարկելու իմ պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Գ. Կոստանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով  ՍԴ անդամի ընտրության հարցին, ասաց, որ ՍԴ  դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Նա նշեց, որ  այս պարագայում հակասահմանադրական կլիներ մրցութային կարգով թեկնածու առաջադրելը։

«Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ այդպիսի ընթացակարգ կա՝ ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր տեղափոխել ընտրությունները, հաշվի առնելով, որ «Ծառուկյան» խմբակցությունն ու «Ելք»-ը բոյկոտել են ընտրությունները, Կոստանյանն ասաց, որ ընտրությունը հետաձգելու օրենսդրական կարգավորում չկա։

«Նորմալ է։  «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չներկայացրին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ: Թեև ես վստահ եմ, որ իրենցից յուրաքանչյուրը գիտի, որ այդ ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ»,- նշեց Գ. Կոստանյանը:

Վերջինս խոսեց նաև մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության մասին: Նրա խոսքով՝ իր այն հայտարարությունը, թե  բացառում է, որ իր խմբակցությունը կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, վերաբերում էր մայիսի 1-ի ընտրություններին:
«Իմ դիտարկմամբ եղավ, բայց իմ հայտարարությունն ամսի 8-ի քվեարկության հետ ընդհանրապես առնչություն չունի, դա վերաբերում էր ամսի 1-ի քվեարկությանը, չէր կարող վերաբերել ընդմիշտ քվեարկությանը»,- շարունակեց Գևորգ Կոստանյանը:

Հանրապետական պատգամավորը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն քննարկել է ամսի 8-ի ընտրությունը և արդեն իսկ դիրքորոշումը հայտնել է: 
«Ես հայտնել եմ դեմ քվեարկելու իմ պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում»,- շեշտեց նա:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ, եթե նույնիսկ վարչապետ դառնա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, նա իշխանություն չի  դառնում, քանի որ ՀՀ-ն շարունակում է մնալ խորհրդարանական մեծամասնություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին