Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

04 Մայիս, 2018 10:43
ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

ԱԺ-ն քվեարկության դրեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Ծառուկյան» խմբակցությունը նշեց, որ այժմ կողմ են քվեարկելու, քանի որ քաղաքական նոր իրավիճակի ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու է ընտրական օրենսգրքի լայն փոփոխությանը: Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունը որոշակի դրական քայլ է, ամեն դեպքում՝ այն բացարձակապես թերի է: 
Զոհրաբյանը նաև ասաց, որ ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի ընտրությանն իրենք չեն մասնակցելու. «Դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական ընթացակարգերի խախտմամբ»,- նշեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ այս փաթեթին դեմ են քվեարկում, քանի որ առաջին ընթերցման ժամանակ կողմ են եղել, սակայն ձեռքբերված պայմանավորվածությունը չի պահպանվել:

«Ելքը» հայտարարեց, որ նույնպես չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը: Իսկ փաթեթն ընդունվեց 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ:

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը միաձայն՝ 79 կողմ:

«Հաշտարարության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 77 կողմ, 3 դեմ քվեարկությամբ:
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 76 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ՝ 52, դեմ՝ 3 և 26 ձեռնպահ քվեարկությամբ:
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը 82 կողմ քվեարկությամբ ընդունվեց:  
Քվեարկությունից հետո մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: 
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու ընտրությանն այն պարզ պատճառով, որովհետև առաջադրումն ընթացել է իրավական խախտումով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին