«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլեւ վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները:
Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում:
Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, եւ հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։
Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման եւ պետական պարգեւների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին:
Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա եւս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա: