Կարևոր իրադարձություններ

Շարմազանովի դստեր նամակը Նիկոլ Փաշինյանին

02 Մայիս, 2018 23:26
Շարմազանովի դստեր նամակը Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովան ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԿՈՂՄԸ վերնագրով հոդվածում իր մտորումներով է կիսվել._

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:

Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ: Ու եթե մարդիկ մտահոգված էին դրսում կանգնած երեխաներով և նրանց անվտանգությամբ, ես և հեղափոխության այս կողմում մնացած անչափահասները անտեսված մնացինք:

Չէ՞ որ հեղափոխության տեսանելի կողմը փողոցում կանգնած անչափահասներն են: Ես բարեբախտաբար թե ցավոք, հեղափոխության անտեսանելի անչափահասն եմ, ում համար երկար ժամանակ պիտի պահանջվեր բացահայտելու երևույթներ և իրավիճակներ, որոնց համար արժեր ապրել «մղձավանջ երազը»:

Այս օրերին շատ է խոսվում, որ հեղափոխությունը խաղաղ եկավ, առանց տուժածների և ագրեսիայի, թալանված խանութներ և ջարդուփշուր եղած մեքենաներ չկային: Փոխարենը կա այս ամենի դարձյալ անտեսանելի կողմը՝ թալան, որի դերակատարները «ընկերներս» էին, ջարդուփշուր եղած հարաբերություններ, որոնք դեռ երեկ այնքան թանկ էին ու թվում էին՝ անդավաճան:

Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր և, փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա: Ասում են՝ երբ ուզում ես սիրածդ մարդուց հեշտությամբ բաժանվել, գրիր նրա անունը թղթի վրա, հետո այրիր: Գրեցի էլ, պատռեցի էլ, վառեցի էլ, բայց նրանց պատկերները չեն հեռանում աչքիս առաջից: Նրանք այստեղ են ՝ սրտիս մեջ, իսկ մտքումս՝ մի հարց ՝ ինչի՞ համար:

Ասում են՝ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել ճիշտ հաշվով: Այս օրերին ես կորցրի այդ հաշիվը. ի՞նչ էի արել նրանց, ում իմն էի համարում, նրանք էլ՝ կարծես թե ինձ՝ իրենցը: Ասացին ՝ «Սա քաղաքականություն ա, մի խառնի անձնականի հետ»: Կամ՝ «Անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք քեզ ու քո կողքին ենք»: Կամ՝ «Դու մեծ պոտենցիալ ունես, ուդաչի…»: Ստացվեց ես ունեի թևեր, որ ճախրում էի, բայց նրանք կտրեցին իմ ոտքերը: Իսկ ոտքերս մինչ հեղափոխությունը ամուր էին, հիմա՝ էլ ավելի: Պարզապես զգացմունքների հեղեղից հետո բանականությունը փսփսաց, մի փոքր հետո ավելի բարձր, իսկ ավելի ուշ գոռաց ՝ ինչի՞ համար: Ինչի՞ համար են գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, եթե իրականում դուք իմ կողքին չեք: Ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է՝ չկա գոլ վիճակ: Կամ պաղ ես, կամ տաք: Եվ եթե կողքիս չես, չկա այլ երես, չկա այլ քող, որ կարողանա ծածկել ցավը:

Հարգելի պարոն ապագա վարչապետ, ես գիտեմ, որ քաղաքականությունը հեշտ գործ չի և շատ ավելի հեշտ է գեղեցիկ մտքեր ասելը, քան դրանք իրագործելը: Գուցե իմ խնդրանքը շատ չնչին է այն բոլոր մեծ ու փոքր, լուրջ ու բարդ գործերի համեմատ, որ պիտի արվի հայրենիքի համար: Բայց որպես այս հեղափոխության անտեսված կողմ, խնդրում եմ. փորձեք վերացնել այն ատելությունը, որ այս օրերին տեղատարափ անձրևի պես թափվեց: Փորձեք Ձեր օրինակով կրթել ինձ նման անչափահասներին, սովորեցնել , որ ատելությունը լավ չի, որ վատ է, երբ հեղափոխական հարթակից երեխան հայհոյում է իր պապի տարիքի մարդուն, և մեծերը ծափահարում են նրան:

Փորձեք բացատրել անչափահասներին, որ այդ քաղաքական գործիչները, ում «ֆուֆլո» են ասում, իրենց նման անչափահասների հայրեր և պապիկներ են: Փորձեք սովորեցնել, որ իսկապես անկախ բոլոր իրավիճակներից, դավաճանությունը լավ չի: Փորձեք սովորեցնել նրանց, որ ընկերությունը չի վաճառվում «օրվա քյարով», ինչպես հորս ընկերներից մեկն ասաց ՝ «Մերժում եմ Սերժին, որովհետև ինձ համար իմ քյարն ա կարևոր»:

Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: Սովորեցրեք նրանց, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարելի է վաճառել, բայց վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին, որովհետև դա է մոդայիկ, որովհետև դրսում դրան ծափահարում են:

Շարունակութունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին