Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին. Stratfor

02 Մայիս, 2018 11:35
ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին. Stratfor

«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետների անդրադարձը Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին: 

«Ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան բողոքի գործողությունները Ռուսաստանի վրա»․ այս հարցի պատասխանն են փորձում գտնել Stratfor մասնագետները մայիսի մեկին հրապարակված հոդվածում:

Հեղինակները նախ և առաջ նկատում են, որ Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին շաբաթներին շփվում են թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ` թե՛ կառավարությունից և թե՛ ընդդիմությունից»,-նշում են Stratfor-ի վերլուծաբանները:

«Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին` փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Հայաստանյան բողոքի ակցիաների մասնակիցներին հաջողվեց հասնել վարչապետի հրաժարականին: Դա է թերևս պատճառը, որ Մոսկվան հետևում է հայաստանյան իրադարձություններին` համոզվելու համար, որ Ռուսաստանում ծավալված բողոքի գործողությունները չեն զարգանա նույնատիպ սցենարով»,-նշում են Stratfor-ի վերլուծաբանները:

Stratfor-ի կայքում զետեղված այս հոդվածի հեղինակները նաև նկատում են․«Ռուսաստանը առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար` հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա»,-նշում են Stratfor-ի մասնագետները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին