Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի հանդեպ անձնական հարգանք ունեմ, լավ տղա է. Գևորգ Կոստանյան

01 Մայիս, 2018 19:18
Փաշինյանի հանդեպ  անձնական հարգանք ունեմ,  լավ տղա է. Գևորգ Կոստանյան

Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ  «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ իրենք  պետք է ընդամենը պատասխանեն մեկ հարցի՝ արդյոք   Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Ինձ համար նշանակություն է  ունեցել մի քանի հանգամանք: Նկատի ունենալով, որ ես կուսակցական չեմ, հետևաբար՝ իմ ընտրությունը կատարելու համար ես հիմք եմ ընդունել բացառապես իրավական չափանիշներ՝ առնվազն իմ գնահատմամբ»,- ասաց Կոստանյանը:


Կոստանյանն ասաց, որ առաջին հերթին հիմք է ընդունվել այն հանգամանքը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողանում է կազմակերպել, կառավարել և ղեկավարել հանրահավաքը և պատասխանատվություն կրել դրա համար:

«Չափանիշ եմ վերցրել սա, որովհետև ես չունեմ Նիկոլ Փաշինյանի գործունեության նախորդ ուղղությունները, որոնք կարող եմ համադրել վարչապետության հետ:  Փաշինյանը պետական կառավարման ոլորտում ընդհանրապես փորձ չունի: Հետևաբար ես պետք է  համադրեմ հանրահավաքային գործունեությունը հնարավոր վարչապետական պաշտոնավարման հետ»,- ասաց Կոստանյանը:

Կոստանյանը նշեց, որ  հանրահավաքի իրավունքը ՀՀ-ում կա, բայց կոնկրետ ճանապարհ փակելու հետ կապված՝ բազմիցս ասվել է, որ կոնկրետ իրավիճակում ակնհայտ ապօրինի է:

«Մի հատ կարևոր չափանիշ կա, եթե վարչապետի պաշտոնին հավակնող անձը, մինչև վերջ վստահ չլինելով  իր գործողությունների օրինականությանը, իրեն հետևորդներին ուղղորդում է կամ  չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ իրականացնելուց...  սա չափանիշ է, որովհետև պետության ղեկը ստանձնելու հավանականություն ունեցող անձը ոչ միայն պետք է գիտակցի իր գործողությունների բնույթը, այլ նաև ունակ և պատրաստակամ լինի այդ գործողությունների համար պատասխանատվություն կրել: Փաշինյանի հանդեպ  անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց ես պետության  ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ և նրա մոտ նման պատասխանատվություն չեմ տեսնում»,- ասաց ԱԺ պատգամավորը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին