Կարևոր իրադարձություններ

Մեր նպատակը մարդկանց երջանկության ապահովումն է. Գագիկ Մելիքյան

01 Մայիս, 2018 18:36
Մեր նպատակը մարդկանց երջանկության ապահովումն է. Գագիկ Մելիքյան

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն Ազգային ժողովում մտքերի փոխանակման ժամանակ իր ելույթում նախ նշեց, որ ուզում է տեսնել վարչապետի թեկնածուին՝ իրոք մարդուն, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին:

Նա նշեց, որ իշխանություն լինելը միշտ էլ եղել է դժվար, և քննադատելը իշխանությանը միշտ էլ ավելի հաճելի է:

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի մտքերից, ըստ որի` մեր նպատակը մարդկանց երջանկության ապահովումն է:

«Իսկ աշխարհում երբևէ որևէ մի իշխանության հաջողվե՞լ է  մարդկանց երջանկությունը ապահովել, դրանք ընդամենը պատրանք և ականջահաճո խոսակցություն է: Այս պարագայում մնում է մտածել՝ հիմա մենք երջանիկ ենք, թե կույր»,- ասաց նա:

Հաջորդ միտքը, որին անդրադարձավ Գագիկ Մելիքյանը, տնտեսության թռիչքաձև զարգացում ապահովելն է: «Ես պատկերացում չունեմ, որ որևէ տնտեսություն երբևէ թռիչքաձև զարգացում է ապրել, այդպիսի բան երբևէ չի եղել պատմության մեջ»,- ասաց նա և նշեց, որ պատմության մեջ արձանագրվել է թռիչքձև անկում:

«Այս ժողովուրդը սկսել է իր ընդդիմությանը, բանագնացներին Ազգային ժողովում չհասկանալ, այս ինչ են ասում, հրապարակում մի բան են ասում, ամբիոնից մի բան  են ասում, իրար հակասում են, չեն հասկանում, բա մենք ո՞նց հասկանանք»,-ասաց նա:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ պետք չէ ժողովրդին  սին պատրանքներով պահել, պատերազմը չի ավարտվել, շրջափակումը չի ավարտվել:

«Մենք շրջափակման մեջ ունենք տնտեսություն, որը հնարավոր է  աճեցնել այնքան, որքան հնարավոր է կայունությունն ապահովել, հակառակ պարագայում չենք կարող: Երևի սա այն դեպքն է, որ պետք  է մտածել, եթե որոշել ես ինչ-որ բան անել, ուրեմն ինչ-որ բան արա, եթե չգիտես ինչ անել, ուրեմն սիգնալ տուր: Մենք շատ երկար չենք կարող ապրել այսպիսի անկայուն իրավիճակի մեջ, սահմանում իրոք լարվածությունը մեծ է»,- ասաց նա և նշեց, որ զանգեր ստանում է ոչ միայն Արցախի սահմանից, այլև Հայաստանի սահմանից:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ մենք պատրաստ չենք նաև տնտեսական պատժամիջոցների: «Աջ գնանք՝ մի կողմն է պատժամիջոցներ իրականացնելու, ձախ գնանք՝ մյուս կողմն է պատժամիջոցներ իրականացնելու, հետո աջ ու ձախից կսկսեն մեզ ռմբակոծել, հետո ի՞նչ ենք անելու: Ինձ համար գոյություն ունի մի հասկացություն՝ դա իմ պետության ու ժողովրդի շահն է, և ես հանուն դրան պատրաստ եմ գնալ ամեն ինչի: Պարոն Փաշինյանը որպես վարչապետի թեկնածու ինձ չհամոզեց իր կարողություններով`թե՛ անվտանգության ապահովման առումով, թե՛ տնտեսական առումով: Ինձ մնում է այս պարագայում Աստված կանչել ու ասել` Տե՛ր Աստված, փրկի՛ր այս մարդուն իրենից»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին