Կարևոր իրադարձություններ

Մեզնից յուրաքանչյուրը որ կոճակն էլ սեղմի, կրելու է պատասխանատվություն. Կարեն Բեքարյան

01 Մայիս, 2018 17:52
Մեզնից յուրաքանչյուրը որ կոճակն էլ սեղմի, կրելու է պատասխանատվություն. Կարեն Բեքարյան

ԱԺ հատուկ նիստում ամբիոնից  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հայտարարեց, որ շատ բարդ է այսօր տեսնել ճիշտ լուծումը,  հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ:

« Ի՞նչ ունենք մենք: Մեր գործընկերները խոսում են էներգետիկայի մասին, երիտասարդությանը նոր շունչ տալու մասին: Այո, այդ էներգիան կա: Այն կառուցողական կլինի՞, այն մեր երկիրը առաջ տանող կլինի՞: Սա էական հարց է»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ խոսվում է սիրո ու համերաշխության հեղափոխության մասին և նայելով պայծառ երիտասարդների դեմքերին ինքը տեսնում է, որ այդ եզրույթը կարող է կիրառվել, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը:

Պատգամավորի խոսքով՝ աշխարհի ցանկացած հեղափոխության կամ հեղափոխության փորձի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր իսկապես հավատացել են դրան, բայց «ջահը տեղ չեն հասցրել, լկտի ձևերով գողացել են»:

Կարեն Բեքարյանը շարունակեց. «Հայտարարվում է, թե ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալ է պետք, հետո չի ասվում, բայց կարող է դրանից հետո տեղի է ունենում հասունացում, մարդը հասկանում է, որ այդպես չի կարելի, հնարավոր է, որ տեղի ունեցած լինի հասունություն: Բայց սրանից հետո վստահություն է կորել, ուժային կենտրոններում վստահություն ենք խախտել, երեխե´ք, կանգնած Հանրապետության հրապարակում դրա համա՞ր եք սկսել, ձեր ուղերձը տեղ հասե՞լ է, որևէ իշխանություն չի կարող արատներին անտարբեր լինել, տեսնելով դրական էներգիան, բայց արժի՞ արդյոք երկիրը տանել հասցնել մի այլ եզրի»:

ՀՀԿ-ական պատգամավորը հարց տվեց՝ գուցե պետք է գնալ մի ճանապարհով, որ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի, աշխարհին միասնական ուղերձ տրվի: «Հակառակ պարագայում՝ չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև: Աթոռների վտանգը չէ: Մեզնից յուրաքանչյուրը որ կոճակն էլ սեղմի, կրելու է պատասխանատվությունը»,- նշեց Բեքարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին