Կարևոր իրադարձություններ

Վարչապետ չընտրվելու դեպքում ի՞նչ պայքարի ձև է ընտրելու Նիկոլ Փաշինյանը

01 Մայիս, 2018 15:38
Վարչապետ չընտրվելու դեպքում ի՞նչ պայքարի ձև է ընտրելու Նիկոլ Փաշինյանը

«Ինչպես ես, կարծում եմ՝ բոլորը, լսում ենք ժողովրդի ձայնը, հասկանում և ընկալում ենք այն, ինչո՞ւ չէ, պատճառները բոլոր, ինչու համար է այս ձայնը բարձրացվել, այնուամենայնիվ, կարծում եմ, բոլորն են հետևություն արել, ընդհուպ՝ ցանկացած իշխանություն այս պարագայում անհրաժեշտ հետևություն է անում հետագայում ժողովրդի տրամադրությունն ու վերաբերմունքը փոխելու համար»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ այս օրերի ամբողջ շարժումը բացահայտ ժողովրդավարության դրևսորում էր։ Նա անընդունելի համարեց «կամ-կամ» դիրքորոշումը և նշեց, որ տարիների ընթացքում այն փոխվել է «մեր դեմ խաղ չկա» եզրույթի, որը բազմաթիվ վնասներ է բերել մեր երկրի հեղինակությանն ու ժողովրդին։

Ա.Սարգսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե վարչապետ չընտրվելու դեպքում ի՞նչ պայքարի ձև է ընտրելու՝ կո՞շտ, որը կարող է տանել առճակատման, պառակտման, որը չի բխում մեր ժողովրդի շահերից, և չկա՞ արդյոք տարբերակ՝ որոշակի կառույցներ օրենսդիրից ու գործադիրից իրեն հատկացնելու դեպքում՝ կարողանա վերահսկողություն իրականացնել։

«Պարոն Սարգսյան, ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը։ Եվ երբ դուք ասում եք՝ ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե դուք  նկատի ունեք Հանրապետականի իշխանությունը, դուք սխալվում եք, որովհետև Հանրապետականն այլևս Հայաստանում չունի իշխանություն և չի ունենալու։ Եվ ինչքան այս իրողությունը շուտ արձանագրենք, այնքան լավ բոլորի համար»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ խնդիրն այն չէ, որ իրեն վարչապետ են ընտրում, այլ խնդիրն այն է, թե նպաստո՞ւմ են այս ճգնաժամի լուծմանը, թե՞ քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի առանց ՀՀԿ-ի մասնակցության։ Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց պայքարն առաջին օրից եղել է առանց բռնությունների, բաց ձեռքերի պայքար, և ինքը չի պատկերացնում իրավիճակ, որը դուրս կբերի իրենց այդ տրամաբանությունից. «Մենք մերժել ենք և մերժում ենք բռնությունը՝ որպես գործողություն, այլև՝ որպես հակագործողություն»։

Ն.Փաշինյանը նկատեց, որ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նման սցենարների մասին խոսելն ավելորդ է, որովհետև քաղաքական ճգնաժամը լուծելու համար պետք է հաշվի առնել իրերի իրական դրությունը։ Ն.Փաշինյանը կոչ արեց ևս մեկ անգամ ընթերցել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի տեքստը։

«Ձեր իմացած Հայաստանը, պարո՛ն Սարգսյան, այլևս չկա։ Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող իշխել»,- ասաց Ն.Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին