Կարևոր իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը նշաձողը բարձր է դրել, ձախողվելու դեպքում բումերանգը ետ կշրջվի…»

01 Մայիս, 2018 12:40
Հեղինակ՝ Արմեն Գևորգյան
«Նիկոլ Փաշինյանը նշաձողը բարձր է դրել, ձախողվելու դեպքում բումերանգը ետ կշրջվի…»

Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը նշաձողը բարձր է դրել, ձախողվելու դեպքում բումերանգը ետ կշրջվի …
Համաժողովրդական ընդվզման արդյունքում լուսավոր ապագայի կերտման ճանապարհի մեկնարկին աննախադեպ հաջողություններ արձանագրած համազգային շարժման առաջնորդն իր առջև դրեց անչափ բարձր մի նշաձող, ինչին հասնելը կարճաժամկետ հեռանկարում եթե ոչ անիրատեսական, ապա առնվազն շատ դժվար է լինելու:
Կարճաժամկետ հեռանկարում, քանզի այդ ժամկետն այս օրերին ակամայից սահմանեց հենց շարժումը` բևեռացնելով հասարակությանը և նրան դարձնելով չափից դուրս պահանջատեր ու ագրեսիվ առաջին հերթին թերևս հետայսու թերացողների նկատմամբ:
Շարժումը որքան էլ կազմակերպչական ու մարտավարական տեսանկյունից սկզբնական հատվածում գրագետ էր և հաջողված, գաղափարական առումով, սակայն, ոչ լիարժեք էր և ոչ ամբողջական, ինչն առաջիկայում հանգեցնելու է մի իրավիճակի, երբ «շռնդալից հաղթանակը» պարզապես ստվերի տակ է մնալու հենց գաղափարական և ռազմավարական վակումի պատճառով: Մտահղացումն, իհարկե, իրականություն դարձավ, սակայն գաղափարական հենքով այն կյանքի կոչելու և զարգացնելու գործիքակազմն ակնհայտ թերի է: 
Ինչևէ, պայքարը նախապատրաստական փուլից թևակոխում է հաջորդ` կատարողական փուլ, որն ամենադժվար ու ամենապատասխանատու փուլն է լինելու: Միայնակ դիմագրավել մինչև «հեղափոխությունն» առկա ու «հեղափոխությունից» ածանցվող ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերներին, անխոս դժվար է լինելու: Դժվար է լինելու ոչ միայն ներքաղաքական մրցակցության և դրանից բխող խոչընդոտները հաղթահարելու հստակ ճանապարհային քարտեզի բացակայության, այլ նաև արտաքին քաղաքական հարթակներում դեռևս թերի ճանաչված, անկանխատեսելի ու անհասկանալի լինելու պատճառով: 
Այս պարագայում նոր թիմը միանշանակ զգալու է նախորդ տարիներին հիմնարար գիտելիքներ և գործնական փորձ կուտակած «անցանկալի» գործընկերների աջակցության կարիքը: Եվ որքան էլ շարժման առաջնորդները ոգևորված լինեն համաժողովրդական բուռն զարթոնքով ու իրենց թիկունքում զգան անկախության հզոր սերնդի պարտադրող շունչը, հաշվի չնստել քաղաքական օրակարգի հետ, անխուսափելի է և անհեռանկարային: 
Ահա այստեղ հարցադրումները կարող են վերածվել խնդիրների, որոնց լուծման առհավատչյան այլևս ժողովրդի ձեռքում է, իսկ ժողովրդին գոհացնելն այլևս չափազանց դժվար: 
Վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներն էմոցիոնալ դաշտում ստեղծել են մի իրավիճակ, երբ ցուցարարների կարծիքից շեղվող ցանկացած այլ կարծիք արտահայտող անձ միանգամից պիտակավորվում է` դառնալով «ոչ մերոնցական»: Երևույթը որքան էլ իրավիճակային է, այդուհանդերձ` վտանգավոր: Հետագա ցանկացած ձախողման դեպքում նույն «մերոնցականը» շատ արագ կարող է վերապիտակավորվել «դավաճանի» ու արդեն իսկ խստապահանջ հասարակության կողմից ակնթարթորեն գամվել անարգանքի սյունին:
Հասարակությունը վայրկյան անգամ չի վարանի վուվուզելի մեկ կանչով կամ ավտոմեքենայի մեկ ազդանշանով ազդարարելու յուրայինների ձախողումն ու «մերժելու մերժողներին». այս անգամ առավել ցավոտ: 
Պահը պատասխանատու է և ենթադրում է երկուստեք մերժողական պահվածքից անցում դեպի կառուցողական համագործակցության, որքան էլ բաղձալի հաղթանակը մոտ, իսկ թվացյալ պարտությունը անդառնալի լինի: 
Հապաղելը հավասարազոր կլինի սայթաքելուն, իսկ ուշացումը` գահավիժելուն: 
Այժմ քան երբևէ երկրի շահը պետք է վեր դասել անձնական ցանկացած հավակնությունից, քանզի անզիջում առճակատումը կարող է կործանարար լինել բոլորիս համար, անկախ մեր սոցիալական դիրքից ու քաղաքական դիրքորոշումից: 
Վիճակը նետված է. պահն է խոհեմության …

 

Լրահոս

Դիտել ավելին