Կարևոր իրադարձություններ

Նա ասել է այն, ինչ ճիշտ է համարել. Զատուլինը՝ Ռիժկովի՝ Փաշինյանին ուղղված գնահատականի մասին

28 Ապրիլ, 2018 15:35
Նա ասել է այն, ինչ ճիշտ է համարել. Զատուլինը՝ Ռիժկովի՝ Փաշինյանին ուղղված գնահատականի մասին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Երևանում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ  իրենք  չէին կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Բայց մենք ընդհանրապես չենք միջամտելու գործընթացին, չենք ասելու՝ ով է  ավելի լավը, ով վատը: Դա մեր գործառույթը չէ»,- ասաց նա:

ՌԴ պատգամավորը նշեց,որ ասուլիսից հետո  նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Ցավոք սրտի, «Ելք» խմբակցության ներկայացուցիչները չեկան հանդիպման: Միայն կես ժամ սպասելուց հետո եկավ Արարատ Միրզոյանը, ով պատասխանեց մեր հարցերին: Իսկ խմբակցության մյուս պատգամավորների բացակայությունը բացատրեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները վիրավորվել են Ռիժկովի ասածներից: Անհասկանալի է, որ այն խմբակցության անդամները, որոնք ամեն տեղ ու ամենքին հայտարարում են, որ իրենց խմբակցության անդամը պետք է դառնա վարչապետ, այդքան խոցելի են, որ չեն կարող ամբողջ կազմով մասնակցել քննարկմանը»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են բոլորի հետ քննարկել այսօր Հայաստանում տիրող իրավիճակը:

Հայտնի է, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ լսել է նրա ելույթը РВК հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, և հասկացել էր, որ նրան իշխանություն չի կարելի վստահել:

Հարցին՝ արդյո՞ք նախատեսում են էթիկայի հանձնաժողովում քննարկել հայ պատգամավորին արված վիրավորանքի հարցը, Զատուլինը ասաց. «Ես չեմ փորձելու այստեղ ինչ-որ մեկին արդարացնել, ներողություն խնդրել: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք: Նիկոլայ Ռիժկովը հասուն և արդար մարդ է, անկեղծ ներկայացնում է իր կարծիքը: Նա, ակնկալելով անկեղծ զրույց, ասել է  այն, ինչ ճիշտ է համարել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին