Կարևոր իրադարձություններ

Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան

26 Ապրիլ, 2018 17:32
Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան

Ես Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն եմ և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից, և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել: 

Այս մասին, ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն առ այն, որ նա պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է: 

Հարցին, թե այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես պրովոկացիա, նա պատասխանել է. «Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»:

Նախարարին հարց է ուղղվել՝ ունեցե՞լ է որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ, ինչին նա պատասխանել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ բացարձակապես կապված են հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:  
 

Լրահոս

Դիտել ավելին