Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն դուրս է գալիս իշխանական կոալիցիայից

25 Ապրիլ, 2018 18:28
ՀՅԴ-ն դուրս է գալիս իշխանական կոալիցիայից

ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:

ՀՅԴ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:

Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:

Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:

Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին:

Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,

բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,

գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,

դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին