Կարևոր իրադարձություններ

Իրադարձությունները ցույց են տալիս, որ հետխորհրդային երկրում հնարավոր է փոփոխություն՝ խաղաղ և ժողովրդական շարժման միջոցով. միջազգային մամուլի անդրադարձը

24 Ապրիլ, 2018 11:23
Իրադարձությունները  ցույց են տալիս, որ հետխորհրդային երկրում հնարավոր է փոփոխություն՝ խաղաղ և ժողովրդական շարժման միջոցով. միջազգային մամուլի անդրադարձը

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները կարևոր են, քանի որ դրանք ցույց են տալիս, որ հետխորհրդային երկրում հնարավոր է փոփոխություն՝ խաղաղ և ժողովրդական շարժման միջոցով: Փաստը, որ Հայաստանի իշխանությունները զսպվածություն ցուցաբերեցին և անհամաչափ ուժի չդիմեցին ցուցարարների նկատմամբ, նույնպես ձեռքբերում է, գրում է բրիտանական BBC-ն:

BBC-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքում ցնծություն էր տիրում բողոքի ակցիաների ճնշման տակ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալուց հետո: Լուրը հայտնվելուն պես Հանրապետության հրապարակում կարծես ուրախության հրավառություն տիրեր, շատերը նշում էին, որ դա հաղթանակ է մի ամբողջ ազգի համար և որ մարդիկ դուրս եկան փողոցներ ժողովրդավարության համար և հաղթեցին:

BBC-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու կերպով է վարվել և կատարել է փողոցային շարժման պահանջները:

«Կարծում եմ՝ նրա հրաժարականը գործող ժողովրդավարության հստակ ապացույց է: Այնպես չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ընթացող ամեն ցույց հանգեցնում է իշխանության հրաժարականին»,- ասել է Հովհաննես Նիկողոսյանը:

The New York Times-ն իր հոդվածում գրում է, որ Ադրբեջանը երկար ժամանակ օգտագործել է Հայաստանում խռովությունները՝ փորձելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում օգուտ քաղել, ինչը վերլուծաբանների կարծիքով՝ կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչու Սերժ Սարգսյանն արագ գործեց: Բացի այդ, նրանց կարծիքով, քանի որ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահությունը մեկնարկել էր փողոցայն ցույցերով, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, նա մտադիր էր այս անգամ պահպանել խաղաղությունը:

The Washington Post-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը թերագնահատեց իր իսկ ժողովրդին, երբ փորձեց դասական պուտինյան քայլ իրականացնել: Ժողովրդական ապստամբությունը հարված է Վլադիմիր Պուտինի կողմից խրախուսվող ավտորիտար քաղաքական մոդելին, որը տարածվել է ոչ միայն այլ նախկին խորհրդային երկրներում, այլև Թուրքիայում:

Bloomberg-ը գրում է, որ գրեթե անհավանական էր պատկերացնել, որ 2014 թվականի Ուկրաինայի հեղափոխությանը Ռուսաստանի արձագանքից հետո Հայաստանը կփորձեր հեղափոխություն իրականացնել: Այնուամենայնիվ, երկուշաբթի երկիրը կաթվածահար արած զանգվածային բողոքի ակցիաները ստիպեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Կայքը գրում է, որ ցուցարարները զգույշ են եղել՝ ընդգծելու համար, որ իրենց շարժառիթները խիստ ներքաղաքական են, ինչի պատճառով Ռուսաստանը կարիք չի տեսնում միջամտել իրավիճակին: Bloomberg-ը նշում է, որ Սերժ Սարգսյանի կարիերայի ավարտը պետք է հետաքրքրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի մոտ կարող է գայթակղություն առաջանալ երկարաձգել իր պաշտոնավարումը՝ ի դեմս օրենսդրական սահմանափակումների:

Ռուսական gazeta.ru-ն, իր հերթին, նկարագրելով ապրիլի 13-ից սկսված բողոքի ակցիաները և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ռազմավարությունները, նշում է, որ մասշտաբներով աննախադեպ բողոքի ակցիաների մասնակիցներն ի վերջո հասան իրենց ուզածին: Ապրիլի 23-ին երկրի նախկին նախագահը հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին: Կայքը գրում է, որ դրանից հետո Երևանում զանգվածային բողոքի ակցիաները վերածվեցին ժողովրդական տոնախմբության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին