Կարևոր իրադարձություններ

Թուրքական կայքը ներկայացրել է ամերիկահայ դերասան Էրիկ Պողոսյանի ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկվելու պատմությունը

24 Ապրիլ, 2018 10:42
Թուրքական կայքը ներկայացրել է ամերիկահայ դերասան Էրիկ Պողոսյանի ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկվելու պատմությունը

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է ամերիկահայ դերասան Էրիկ Պողոսյանի ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկվելու և հայրենիքից հեռու կյանքը շարունակելու պատմությունը:

auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Էրիկ Պողոսյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:

Բոստոնում ծնված Պողոսյանի ընտանիքն ԱՄՆ է հասել Արևմտյան Հայաստանի պատմական Խարբերդ գավառից: Ամերիկահայ դերասանը հիշում է, որ ընտանիքում հաճախ չէր խոսվում անցած ցավերի ու կորուստների մասին, սակայն դա չխանգարեց նրան ճանաչել իր պատմությունը:

«Ես միայն գիտեմ, որ պապիկս 1915-ին հասել է ԱՄՆ: Նրանք Խարբերդից էին: Պապս՝ Մկրտիչը, փախել ու փրկվել է ցեղասպանությունից, սակայն ինչպես է փախել՝ չգիտեմ:

Ճանապարհին նա փրկել է նաև մորս, ում հայրը սպանվել էր: Մայրս մինչև կյանքի վերջ ապրեց նրանց հետ Մասաչուսեթսում, նա անգլերեն չգիտեր: Ընտանիքս չէր խոսում ցեղասպանությունից կամ այն մասին, թե ինչ է եղել Թուրքիայում, նրանց համար դրանք բացասական մտքեր էին»,- պատմում է Պողոսյանը:

Ամերիկահայ դերասանը, ում ծննդյան օրը հենց ապրիլի 24-ին է, հիշում է, որ ընտանիքում նրան երբևէ չէին պատմել, որ դա նաև հիշատակի օր է:

«Ինձ երբևէ չէին ասում, որ դա հատուկ օր է: Երբ ես դարձա արվեստի գործիչ՝ ես չէի ցանկանում, որ ինձ լրացնողը լինի միայն հայկական ինքնությունս, կամ ես երևամ՝ որպես էթնիկ դերասան»,- նշում է ամերիկահայ դերասանը, որը վերջին 10 տարում է՛լ ավելի մեծ թափով է սկսել աշխատել ցեղասպանության շուրջ ուսումնասիրությունների և տարբեր ծրագրերի վրա:

«Երբ ես իմացա, թե ինչ է պատահել Մկրտիչ պապի հետ Թուրքիայում՝ շատ փոքր էի: Երևի 4 տարեկան: Ամբողջ կյանքս ուսումնասիրել եմ Հայոց ցեղասպանությունը, սակայն վերջին 10 տարում ավելի մեծ թափ առա: Ցավոք, մեր հին երկրից, մեր հին քաղաքից՝ Խարբերդից, մեզ մնացած ոչինչ այժմ չունենք»,- նշում է Պողոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին