Կարևոր իրադարձություններ

«Քեզ մեզնից խլած ընկերդ երջանիկ ապրում է, հոգի՛ս». ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի մոր գրառումը` որդու մահվան տարելիցին

24 Ապրիլ, 2018 10:30
«Քեզ մեզնից խլած ընկերդ երջանիկ ապրում է, հոգի՛ս». ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի մոր գրառումը` որդու մահվան տարելիցին

2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի մայրը՝ Անի Բալըքչըն, Facebook-ի իր էջում գրառում է արել որդու մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ:

Անի Բալըքչըն հիշեցրել է, որ իր որդուն սպանած զինակից թուրք ընկերը դեռ ազատության մեջ է, իր պատիժն այդպես էլ չի կրել:

«Քեզ մեզնից խլած ընկերդ, նա, ում դու «եղբայր» էիր կոչում, երջանիկ ապրում է հիմա, հոգի՛ս: Թող ապրի, նրա կյանքի վրա աչք չունենք: Եթե նրա խիղճը հանգիստ է՝ խնդիր չկա: Մենք նախ մարդ ենք, հետո՝ հայ: Մենք մարդիկ ենք, որոնք մրջյունին չեն ճզմում, ասում ենք՝ մրջյունը լավ նշան է, իսկ մոծակի դեմ անգամ դեղամիջոց չենք օգտագործում, նրան մեզնից հեռացնելու մեթոդներ ենք կիրառում: Որքան էլ մեր անցկացրած ծանր օրերն ամեն անգամ վատ ֆիլմի պես անցնեն աչքիս առաջով, որքան էլ գերեզմանիդ այդ հողի կույտին նայելով ամեն անգամ ասեմ, թե ինչ գործ ունես այստեղ, գիտեմ, որ միշտ մեզ հետ ես», - գրել է Անի Բալըքչըն:

Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում:

Սևակը սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է:

Հիշեցնենք, որ Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշության հետևանքով:


 

 

Լրահոս

Դիտել ավելին