Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 24. այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

24 Ապրիլ, 2018 09:35
Ապրիլի 24. այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վաղ առավոտից մարդիկ սկսել են այցելել Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին։

Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: 1892-1923 թվականներին Համիդյան Թուրքիան, այնուհետև երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության են ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ մի շարք նահանգներ:

 

Լրահոս

Դիտել ավելին