Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի հրաժարականը որևէ կերպ չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա. Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

23 Ապրիլ, 2018 21:14
Սերժ Սարգսյանի հրաժարականը որևէ կերպ չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա. Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Միջազգային մամուլը ակտիվորեն հետևում ու արձագանքում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը, անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, մեջբերել է նրա հրաժարականի տեքստի նախավերջին տողերը՝ «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:
 
Պարբերականը, մասնավորապես, անդրադարձնել է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած բանակցություններին՝ մեջբերելով Փաշինյանի այն խոսքը, թե նա եկել է հանդիպման միայն Սարգսյանի հրաժարականի պայմանները քննարկելու և ոչ երկխոսելու համար:

The Guardian-ը ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ երկրի ներսու ստեղծված անկայունությունը կարող  է ճանապարհ բացել հակառակորդի առավել ակտիվ գործողությունների համար:

Մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց՝ The Independent-ը նշել է, որ Սերժ Սարգսյանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի երկրի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Պարբերականի գրել է, որ երկրի մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաների դուրս եկած քաղաքացիների թիվը հասել է 50 000-ի:

The Independent-ը ուշադրություն է հրավիրել նաև Սարգսյանի հրաժարականի տեքստի այն բառերին, որոնցով վարչապետը նշել է, որ հարցի լուծման այլ ճանապարհները իր համար չեն:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ» ։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հետաքրքրվել է փորձագետներից, թե արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը որևէ կերպ կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Գործակալության հետ զրուցած Ռուսաստանում Հասարակական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Բեսպալովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները Սարգսյանի հեռանալով գլոբալ առումով չեն տուժի, սակայն մոտակա ժամանակահատվածում դրանք կարող են որոշակի անորոշության մեջ մտնել:

«Եվ ես վստահ չեմ, որ Ռուսաստանը պետք է այս իրավիճակում ինչ-որ ակտիվություն ցուցաբերի: Ավելի լավ կլինի հայաստանյան քաղաքական դասակարգին հնարավորություն ընձեռել ինքնուրույն կարգավորել այս իրավիճակը», - ասել է ռուս փորձագետը:

Այդուհանդերձ՝ դրամատիկ ու կտրուկ փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում նա չի կնախատեսում՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող  է վատ անդրադարձ ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հետագա ճակատագրի համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին