Կարևոր իրադարձություններ

Աղվան Վարդանյան․ Սերժ Սարգսյանի քայլը պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք է

23 Ապրիլ, 2018 19:22
Աղվան Վարդանյան․ Սերժ Սարգսյանի քայլը պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն:

«Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ կատարել և ասել, «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: Շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ Սերժ Սարգսյանի երկար ծառայությունը մեր երկրին միայն սև գույնով պետք չէ ներկայացնել, այլ պետք է ասենք նաև նրա երկար տարիների վաստակի մասին մեր երկրի համար: Կարծում եմ, որ հիմա այն պահն է, որ կողմերը կկարողանան բանակցությունների, երկխոսության ռացիոնալ մտածողության ճանապարհով գտնել լավագույն լուծումները: Արդեն մի քանի օր է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հետևողականորեն պնդում էր, հայտարարում էր և կոնկրետ քայլեր էր անում, որպեսզի հնարավոր լինի բանակցային դաշտ ստեղծել»,- նշեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է իրական բանակցություն, երկխոսություն իրականացնել և սա էլ իր հերթին հնարավորություն կտա այս համաժողովրդական զարթոնքից դուրս գալ ոչ թե բախումներով, այլ շատ ավելի ուժեղ, հզոր և կազմակերպված:

 

Լրահոս

Դիտել ավելին