Կարևոր իրադարձություններ

ԱՄԷ դեսպանն այցելել է ԱԻՆ. կձևավորվի կանխարգելիչ անվտանգության քաղաքականություն

23 Ապրիլ, 2018 18:55
ԱՄԷ դեսպանն այցելել է ԱԻՆ. կձևավորվի կանխարգելիչ անվտանգության քաղաքականություն

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Սա դեսպանի առաջին այցն է ՀՀ ԱԻ նախարարություն:

 

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը և քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպանը ներկայացրեց իր երկրի փորձը՝ պատմելով ԱՄԷ-ում պարբերաբար իրականացվող շենք-շինությունների անվտանգության փորձարկումների և 997 ծառայության արագ արձագանքման կենտրոնի մասին:

Նախարար Դ.Տոնոյանը կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակումը և արձանագրեց, որ դա կարող է լինել համագործակցության առանցքային ուղղություններից. «Անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում կարևոր է Դուբայի փորձը՝ կանխարգելիչ անվտանգության քաղաքականության տեսանկյունից: Բնակելի շենքերում, առևտրային և արտադրական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են պլանավորված և չպլանավորված տեսչական ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման նպատակներով»:

ԱԻ նախարարը նշեց, որ ԱՄԷ-ի քաղպաշտպանության համակարգի փորձը շենքերի ենթակառուցվածքների հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում ուսանելի կլինի ՀՀ ԱԻՆ-ի համար:

Որպես համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ դիտարկվեցին նաև Հիդրոմետ ծառայության, սեյսմիկ և քաղաքացիական պաշտպանության ուղղությունները և համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց խթանել երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը:

ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ԱՄԷ քաղաքացիական պաշտպանության գլխավոր հրամանատարին հրավիրեց այցելել Հայաստան՝ մասնակցելու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը:

Նախարարի ուղեկցությամբ դեսպանն այցելեց նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին