Կարևոր իրադարձություններ

Է. Նալբանդյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը

22 Ապրիլ, 2018 20:45
Է. Նալբանդյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասել է, որ  Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը

Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձել է հավաքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին:

 

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնացել է ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Այսօր՝ ապրիլի 22-ին Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը Վարչապետի հետ հանդիպումն օգտագործել է ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը։

Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Նախարարը շեշտել է, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։

Նախարար Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը, նշել է, որ անտեսելով Ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, և որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։ Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, ապա հանցագործության կատարումը կանխելու նպատակով՝ օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են:

 

 
 



Մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կարևորել են երկխոսությամբ՝ ստեղծված իրավիճակի քաղաքական և օրենքի սահմաններում լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին