Կարևոր իրադարձություններ

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

22 Ապրիլ, 2018 13:58
Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:

Նոր սահմանադրության համաձայն` Հայաստանի կառավարման համակարգը փոխվեց խորհրդարանականի: Դրանով ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց մեկ կուսակցության կայուն մեծամասնություն, վերացվեցին երկրի ղեկավարի ուղղակի ընտրությունները, և նվազեցվեցին նախագահի լիազորությունները` հիմնական իշխանությամբ օժտելով վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն կողմից:

Նոր սահմանադրությունն ակնհայտորեն միտված է ամրապնդելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գերիշխող դիրքը և Սարգսյանի պաշտոնավարման  շարունակականությունը` իշխանությունը պահելով որպես «սուպերվարչապետ» թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքացիների նկատմամբ ավելացված լիազորություններով և նվազեցված հաշվետվողականությամբ: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք աչքի ընկան համատարած ընտրակաշառքով և վերահսկվող քվեարկությամբ, ինչպես նաև ուժեղ ընդդիմության բացակայությամբ, ՀՀԿ-ն ստացավ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը ՀՀ Ազգային ժողովում և ուղի հարթեց, որ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես պետության ղեկավար:

2018 թ. մարտի կեսից սկսած քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին քարոզարշավ Սարգսյանի որպես վարչապետ հնարավոր առաջադրումն կանխելուն ուղղված, որպեսզի Հայաստանը չվերածվի ցմահ բռնապետության,  ինչը նախկին խորհրդային երկրներին բնորոշ միտում է: Իրարից անկախ բողոքի ցույցեր սկսեցին անցկացվել տարբեր խմբերի, մասնավորապես  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժի՛ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների կողմից, որոնք բավականին արագ արժանացան հայ ժողովրդի լայն աջակցությանը: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետից դժգոհ լինելով` տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց:

Սկսած ապրիլի 13-ից` մի քանի օր ու գիշեր շարունակ ցուցարարները պահում էին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և խաղաղ երթեր էին կազմակերպում փողոցներում, հրապարակներում և կամուրջներում` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը և ժամանակավորապես շրջափակելով կառավարական շենքերը` պատգամավորների վրա ազդելու և նրանց քվեարկությունը Սարգսյանի թեկնածության օգտին կանխելու համար:

Շրջապատված լինելով ոստիկանության ջոկատաշղթայով, ոստիկանության ծանր տեխնիկայով ու փշալարերով` Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին ընտրել է որպես նոր վարչապետ բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել ոստիկանության ջոկատաշղթայի դիմաց: Ի պատասխան` ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ: Դրա հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց:

Առնվազն 60 ցուցարարներ հարձակման, ծեծի և բերման ենթարկվեցին, ոստիկանական բաժանմունքներ տարվեցին առավոտյան և պահվեցին այնտեղ մինչև Ազգային ժողովի նիստի ավարտը` այդ կերպ խախտելով հանրային հավաքների մասին օրենքը: Մատնանշում ենք, որ սա երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը պետական բարձր պաշտոն է ստանձնում խաղաղ ցույցի նկատմամբ կիրառած  խժդժության և ոստիկանության բռնարարքների արդյունքում:

Ազգային ժողովում Սարգսյանի ընտրությունից հետո  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաղաղ քաղաքացիական  անհնազանդության ողջ երկրում: Այն լայն արձագանքի արժանացավ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Գավառը, Հրազդանը և այլն:

Բազմահազարանոց խաղաղ ցույցեր սկսեցին ընդդեմ բռնակալության ամրապնդման հեռանկարի: Ի պատասխան խաղաղ ցույցերի` ոստիկանությունը անհամաչափ ուժ և ակնհայտ բռնարարքներ իրականացրեց: Չորս օրվա ընթացքում ավելի քան 500 ցուցարարներ, ներառյալ անչափահասներ, ենթարկվել են հարձակման, դաժան ծեծի, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ և կալանավորվել են հաճախ օրենքով սահմանված 3 ժամից ավելի պահվելուց հետո, առանց հետաքննության և արդար դատաքննության:

Շատ ցուցարարներ և մասնավորապես դպրոցականներ ծեծի են ենթարկվել և բերման են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից առանց պետհամարանիշների մեքենաներով: Լրագրողներն ու փաստաբանները ևս ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ տասնյակ ոստիկաններ անվրդով ականատես են եղել գործողությունների, որոնց ընթացքում հանցավոր խառնամբոխը փողոցներում բռնարարքներ են գործել և վնասել հանրային գույքը, անուշադրության են մատնել առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում: Ուշագրավ է, որ քրեական մեղադրանքներ են առաջադրվել խաղաղ ցուցարաների նկատմամբ, իսկ  հանցագործների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:

Թեպետ քաղաքացիական անհնազանդությունը մեծ չափով առաջնորդվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից, շարժումը ոչ կուսակցական է իր բնույթով: Դրա հիմնական նպատակն է կանխել Սարգսյանի երրորդ և ցմահ պաշտոնավարումը որպես երկրի ղեկավար, ինչը երկիրը կտանի երկարաժամկետ բռնապետության: Ֆրիդոմ Հաուսի վերջին` «Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. դիմակայելով ոչ ազատականությանը»  զեկույցի համաձայն`  նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018թ․ վատթարացել է: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր: Հետևաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությումնները պահանջագիր են ներկայացրել` պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Ինչ էլ տեղի ունենա Հայաստանում, պայքարը մղվում է հանուն ժողովրդավարության և ընդդեմ կոռումպացված վարչակարգի: Էներգիայի այս պոռթկումը հետևանք է 1995թ․ ի վեր քաղաքացիների քաղաքական իրավունքների շարունակական ճնշման, և հստակ պահանջ է դրված արտահայտելու ժողովրդի ձայնը ազատ և արդար ընտրություններում:

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական համակարգերին` սատարելու հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի:

Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ
«Էկոիրավունք» ՀԿ
«Հակաստվեր» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
«Լոռե էկո» ակումբ ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Ֆեմիդա» ՀԿ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Հյուման ռայթս հաուս Երևան
ԳԱԼԱ հեռուստաստուդիա
«Իմ պաշտպանը» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան

 

Լրահոս

Դիտել ավելին