Կարևոր իրադարձություններ

Ցուցարարներին են միացել նաև մի շարք հեռուստասերիալների հայտնի դերասաններ (լուսանկարներ)

21 Ապրիլ, 2018 16:45
Ցուցարարներին են միացել նաև մի շարք հեռուստասերիալների հայտնի դերասաններ (լուսանկարներ)

16:50

Թումանյան փողոցում հավաքի մասնակիցներին են միացել նաև մի շարք հեռուստասերիալների հայտնի դերասաններ:

 

16:10

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս պահին ընթանում են Դավիթ Անհաղթ փողոցով:

 

14:56

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին:


«Սա համաժողովրդական շարժում է, հայոց արգանդը չորացել է: Եթե էս մարդու հետ մի բան պատահի` վերջ»,-ասաց Սասուն Միքայելյանը:

14:45

Այս պահին փակ է Բաղրամյան պողոտան: Այնտեղ տեղադրված են փշալարեր:  Բաղրամյանում դիմակավորված ոստիկանները պատնեշ են ստեղծել ցուցարարների շարժը կանխելու համար են տեղակայված: 

 

12:58

Արարատի մարզի Արարատ քաղաքի և համայնքների բնակիչներն ավտոերթով շարժվում են Երևան: Նրանք ցանկանում են գալ ու միանալ ցուցարարներին:
Արտաշատի շրջանում ոստիկանությունը կանգնեցրեց վարորդներին։

Ոստիկանության ծառայողները հրահանգ տվեցին  մեքենաները տանել ոստիկանություն:

12:10

Գայի պողոտայում իրավիճակը լարված է: Այնտեղ են գտնվում նաև հատուկջոկատայինները: Ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշուքի հետևանքով մարդկանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Նա այժմ պառկած է գետնին և սպասում է շտապօգնության մեքենային:

 

12:07

Նոր Նորքի հինգերորդ զանգվածում  Նիկոլ Փաշինյանն  ընթերցեց հավաքների ազատության մասին օրենքի համապատասխան հոդվածը: 

«Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա հավաքը նվիրված է այն հարձակումներին, որոնք տեղի են ունեցել ակտիվիստների նկատմամբ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց կողմից, նրանք մեքենաներ են ջարդել»,- ասաց նա: 

Վալերի Օսիպյանն ընդհատեց` հարցնելով. «Նախապես գիտեիք, որ ձեր ակտիվիստներից պետք է տուժեին, որ դեռ երեկվանից հայտարարել եք հավաքի մասին: Դուք ծրագրե՞լ եք»: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին իրենք կատարում են  ոստիկանների պահանջը` դե յուրե 7-րդ զանգվածի «Նոր տուն» խանութի մոտ սկսված հավաքը համարում են դադարեցված: «Սիրելի՛ ոստիկաններ, ձեր պահանջը դադարեցրինք։ Հիմա հավաքների ազատության մասին օրենքի 27-րդ հոդվածով հրավիրում ենք նոր շտապ հավաք` արձագանքելու համար այն ապօրինությունները, որոնք Հայաստանում տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»,-ասաց նա:

11:45

Էջմիածնում նույնպես բողոքի ցույցեր են իրականացվում: Մի քանի տասնյակ էջմիածինցիներ երթ են անցկացնում քաղաքի փողոցներով՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց: Ցուցարարների կողքով անցնող մեքենաները ազդանշաններ են տալիս՝ ի աջակցություն բողոքի գործողության: 

Այսօր` ժամը 18:00-ին, Էջմիածնում նախատեսված է հանրահավաք անցկացնել:

11:32

Նիկոլ Փաշինյանը իր աջակիցների հետ շարունակելով Դավիթ Բեկի փողոցից մեկնարկած երթը`հայտարարեց, որ սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է, և իրենք բոլորին կոչ են անում դուրս գալ փողոց: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին:

Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը, ինչի հետանքով  հրմշտոց սկսվեց: 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել երթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անհայտ անձինք կոտրել են շարժման մասնակիցների մեքենաները, և ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել և սա բողոքի երթ է կողմնակիցների նկատմամբ հարձակումների կապակցությամբ:

«Օրենքը լիազորում է ցանկացած քաղաքացու առանց իրազեկման անցկացնել երթ, քանի դեռ երթը բնույթով խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը»,-ասաց նա:

11:18

Երևանում շարունակվում են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կազմակերպած բողոքի գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Այսօր`ժամը 11:00-ին մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը։ Մասնավորապես փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին