Կարևոր իրադարձություններ

Հեռու մնացեք «գունավոր հեղափոխություն» ասվածից. Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին (տեսանյութ)

21 Ապրիլ, 2018 10:55
 Հեռու մնացեք «գունավոր հեղափոխություն» ասվածից. Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին (տեսանյութ)

Ամերիկյան System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր պաշտոնական յութուբյան ալիքում  անդրադարձել է Հայաստանում ընթացող  ցույցերին և իր աջակցությունը հայտնել փողոց դուրս եկած ցուցարարներին:

Նա նաև անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող այն լուրերի մասին, որ ինքը պատրաստվում է Երևան գալ:

«Ես շատ կցանկանայի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետ է։ Մինչև հիմա այլ պատճառներով չեմ կարողացել, բայց հուսամ մոտ ժամանակներս կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումն իսկական է, և  ձերն է, և պետք է մնա այդպիսին՝ զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են: Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»,-ասել է երաժիշտը:

Թանկյանը նկատել է, որ այն, ինչ կատարվում է, «յուրահատուկ բան է Հայաստանի համար, նոր մշակութային հեղափոխություն, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում»:
Թանկյանը ցուցարարներին մի շարք խորհուրդներ է տվել՝ կապված ընթացող ցույցերի հետ: Ըստ Թանկյանի՝ մասնակիցները նախևառաջ պետք է հեռու մնան «գունավոր հեղափոխություն» ասվածից, քանի որ այն մտազուգորդվում է Արևելք-Արևմուտք առճակատման հետ:

«Մեր պայքարն Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ»,-ասել է Թանկյանը:

Երաժշտի երկրորդ խորհուրդը վերաբերում է ցուցարարների պահանջների կոնկրետացմանը:

«Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են, ինչպես նաև ներկայացնել հստակ ժամանակահատված նոր կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար՝ այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ»,-շարունակել է  Թանկյանը:

Երաժշտի երրորդ խորհուրդը`խաղաղ դիմադրությունը շարունակելու կոչն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին