Կարևոր իրադարձություններ

Ամեն սցենար հնարավոր է. հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի. Ն. Մաքֆարլեյն. «168 ժամ»

21 Ապրիլ, 2018 10:31
Ամեն սցենար հնարավոր է. հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի. Ն. Մաքֆարլեյն. «168 ժամ»

«Հայաստանյան տրամադրությունները լուրջ ու խորն արմատներ ունեն»,-մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` անդրադառնալով Երևանում ծավալվող իրադարձություններին:  


Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կավարտվի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությունը, բրիտանացի վերլուծաբանն ասաց, որ ամեն զարգացում հնարավոր է:

Ըստ նրա, հեղափոխություն հնարավոր է, քանի որ և´ արտաքին, և´ ներքին խնդիրների պատճառով հասարակության շրջանում լուրջ դժգոհություններ են կուտակվել:

Մաքֆարլեյնի կարծիքով` այդ տրամադրու­թյունները միայն ներկայիս իշխանություննե­րով չեն պայմանավորված: Այս տրամադրու­թյունները, բրիտանացի վերլուծաբանի խոս­քով, ձևավորվել են նաև ղարաբաղյան թեժ հակամարտության և հայ-թուրքական փակ սահմանների պատճառով, վերջին շրջանում հայ-ռուսական սերտ հարաբերությունների պատճառով, որոնք շրջափակման մեջ են դրել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի տնտեսական և տարանցիկ հնարավորություն­ները:

Եվրոպացի քաղաքագետի որակմամբ նման պայմաններում շատ դժվար է լինել հա­սարակությանը գոհացնող իշխանություն: «Բայց արտաքին խնդիրներից զատ, կան ներքին խնդիրներ, որոնք, ինչպես երևում է հա­սարակության դժգոհությունից, ՀՀ իշխանու­թյունների պարտավորությունների տիրույթում են: Այսինքն` խնդիրներ կան և´ անցյալից, և´ ներկայում այդ խնդիրները չեն լուծվում այն ինտենսիվությամբ, ինչ հայ հասարակությանն է անհրաժեշտ»,- ասաց Մաքֆարլեյնը:

Ուստի, նրա խոսքով, ստեղծված իրավիճա­կում պարզ է, որ անհրաժեշտ են լուծումներ, որոշումներ բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում բարեփոխումներ: Այս դեպքում, բրիտանացի քաղաքագետի դիտարկումների համաձայն, հասարակության մի մասը որոշել է, որ կարող է լուծել այդ բոլոր խնդիրները:

«Ես չգիտեմ այս շարժումը կարո՞ղ է լուծել դրանք, թե՞ ոչ: Բայց, եթե այս խնդիրները պահ­պանվեն, այդ դժգոհությունը կրկին գլուխ է բարձրացնելու: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Ամեն սցենար հնարավոր է: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի»,- ասաց նա:

Անդրադառնալով ռուսական որոշ շրջա­նակների պնդումներին, թե սա արևմտյան նախաձեռնություն է` ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Ռուսաստանի հարևանությունում անկայունության նոր օջախ լինի, Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ նույնիսկ ավելորդ է մեկ­նաբանել դա:

Ըստ Մաքֆարլեյնի` Արևմուտքում բացարձակ չէին էլ կասկածում, որ Հայաստանում նման բողոքի ակցիաներ են հնարավոր: Նրա խոսքով` Արևմուտքը նման զարգացումներով հետաքրքրված չէ, նման սցենարներով երբեք չի զբաղվում, չի հրահրում հակակառավարական գործողություններ, առավել ևս, երբ կառուցողական է աշխատել ՀՀ ներկայիս իշխանության հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին