Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի պողոտայում վարորդը մեքենան քշել է փոքրիկ աղջկա վրա (թարմացվող)

20 Ապրիլ, 2018 15:45
Կոմիտասի պողոտայում վարորդը մեքենան քշել է փոքրիկ աղջկա վրա (թարմացվող)

15:40

Shabat.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ բողոքի գործողությունների ժամանակ Տիգրանյան-Կոմիտաս խաչմերուկում վարորդն ավտոմեքենան քշել է փոքրիկ աղջկա վրա: Երեխան ոտքի շրջանում վնասվածք է ստացել:

15:14

Արշակունյաց պողոտայում լարված իրավիճակ է: Մեքենաների վարորդները փակել են ճանապարհը:

Մեքենաներից մեկի վարորդը հորիզոնական դիրքով կանգնել է և չի իջնում մեքենայից: Ճանապարհային ոստիկանության ծառայողները երկու քարշակ են  հրավիրել, սակայն վարորդը մեքենայից չի իջնում:
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ՃՈ աշխատակցին ասաց, որ օրենքը թույլ չի տալիս քարշակել մեքենան, եթե ներսում մարդ կա: 
Այնուամենայնիվ, մեքենան հեռացվեց, սակայն վարորդը հրաժարվեց իջնել մեքենայից և մնաց մեքենայում:

Մինչ տեղափոխում էին երկրորդ մեքենան, այլ մեքենաներ եկան և կանգնեցին ճանապարհի երթևեկելի մասում: Ոստիկանները մտան մեքենայի մեջ և վարորդին բռնի ուժով հանեցին մեքենայից: Մինչ նրան  ուժով փորձում խցկել մեքենան, վարորդի ինքնազգացողությունը վատացավ:
Ոստիկանները պառկեցրին նրան ասֆալտին, ինչից հետո խցկեցին մեքենան և տարան:

14:18

Ցուցարարներն այս պահին գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նրանց հյուրասիրությամբ դիմավորեցին և նշեցին, որ հաղթանակը հայ ազգի համար է:

14:10

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով երթը, հայտարարեց, որ ժամը 19:00-ին  հավաքվելու են Հանրապետության հրապարակում, այսօր լուրջ և կարևոր խոսակցություն է լինելու իշխանափոխության մասին:

14:01

Կորյունի փողոցում քաղաքացիներից մեկը լրագրողներին պատմեց, որ իր հետ ընդմիջման դուրս եկած երիտասարդին ոստիկանները բռնեցին և տարան՝ հաշվի չառնելով, որ նա ցույցի չեր մասնակցում: 

«Մենք պարզապես դուրս էինք եկել, բռնեցին-տարան: Պարզվում է՝ վտանգավոր է փողոցում կանգնելը: Ինձ չտարան, իրեն տարան,- պատմեց նա՝ նշելով, որ կարծես թե ոստիկանները չեն էլ հարցնում, թե ում են տանում,- իրենց ոնց որ քանակ է պետք, ուզում են իրենց 50 000 դրամը վերցնեն ու բաց թողնեն»:

Քաղաքացին դիմեց ոստիկանապետին՝ նշելով, որ «շնանոց» է դարձրել երկիրը:

13:36

Երևանի Կորյուն-Տերյան խաչմերուկից ցուցարարներ են բերման ենթարկվել:

Ցուցարարները փակել են երթևեկելի գոտին: Նրանց թիվը գնալով ավելանում է: Ոստիկանություննը բռնությամբ մի քանի հոգու բերման ենթարկեց, իսկ որոշ քաղաքացիներ հասցրին մտնել «Ցիտատելի» շենք: Երթևեկությունը միակողմանի բաց է:

Այս պահին բողոքի երթեր են ընթանում Խանջյան փողոցում, Տիգրան Մեծի պողոտայում, Աջափնյակում, որին մասնակցում է նաև նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանական ուժերն ու ցուցարարները չեն լքում նաև Ազատության պողոտան: Թումանյան-Սարյան խաչմերուկը ևս փակ է:

 
13:32

Ցուցարարները բեռնատարներով փակել են Կիևյան-Հալաբյան խաչմերուկը: Նիկոլ Փաշինյանի քայլերթի ժամանակ բեռնատարներիի վարորդները, կանգնեցնելով մեքենաները, իջան և ողջունեցին Նիկոլ Փաշինյանին: Վերջինս առաջարկեց փակել ճանապարհը: 

Այնուհետև բեռնատարով փակեցին ճանապարհը` ոստիկանությանը հայտնելով, թե մեքենան անսարք է:

12:55

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հետ գտնվում են «Արմենիա ԲԿ-ի» հարակից այգում: Նրանք դադար են առել հանգստանալու համար: 

Փաշինյանը հայտնեց, որ այսօր քայլել են 12 913 քայլ՝ 9 կմ:

12:20

Այս պահին  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները շարժվում են Եղվարդի խճուղով:

11:05

Երթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս պահին  Դավթաշեն վարչական շրջանում են, նրանք կամրջի վերջնամասում են:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր երեկոյան հանրահավաքի ժամին խոսելու է առաջիկա անելիքների մասին:

Հարցին, թե իշխանությունը երկխոսության կոչ է անում, կարո՞ղ է երկխոսության մասին խոսք լինել, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այլևս իշխանություն չկա.
«Սերժ Սարգսյանի իշխանությունը չկա, Հայաստանում իշխանությունն այլևս ժողովուրդն է»:

Դիտարկմանը, թե երկխոսության կոչ Արմեն Սարգսյանն է արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ նախ պետք է կատարի իմ առաջ ստանձնած պարտավորությունը: Նա պետք է ցույց տա տեղեկանք, թե երբ է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Երբ մեկը խոսում է օրենքի գերակայությունից, ինքը պետք է նախ ապացուցի, որ չի արհամարհում օրենքը»:

10:35

Գյուլբենկյան փողոցում ցույցի մասնակիցներին մոտեցավ  փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նախ հետաքրքրվեց  Փաշինյանի առողջական վիճակի մասին` արդյոք վիրակապը փոխե՞լ են, թե՞ ոչ:  Փաշինյանն էլ կատակեց, որ արդեն կարոտում են իրար:

Հարցին, թե ինչ է ծրագրում Փաշինյանը, վերջինս պատասխանեց. «Ճիշտն ասած՝ «թավշյա հեղափոխություն» ենք ծրագրում»:

Օսիպյանը  տեղեկացրեց, որ  նախատեսված է ոստիկանությանը հայտնել երթի մասին, և ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ երթի ընթացքը:

Փաշինյանն ասաց, որ խորհրդակցելու է ցույցի մասնակիցների հետ և որոշում կայացվեց Գյուլբենկյան փողոցից քայլել դեպի Դավթաշեն:
Գյուլբենկյան փողոցից սկսվեց երթը դեպի Դավթաշեն:
Այժմ նրանք շարժվում են Դավթաշենի կամրջով:

10:23

Ցուցարարները Կոմիտասի պողոտայում են. նրանց հետ է Նիկոլ Փաշինյանը: Նա  կոչ արեց վարորդներին կայանել մեքենաներն ու փակել փողոցը:

10:00

Գյուլբենկյան փողոցում իրավիճակը լարված է, Փաշինյանը կոչ է անում ագրեսիվություն չդրսևորել: Ոստիկանները բերման են ենթարկել Գյուլբենկյան փողոցում մեքենան կայանած կին վարորդին: Այդտեղ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Իրավիճակը լարված է:

Գյուլբենկյան փողոցում է նաև  «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովո՛ւրդ, հավաքվեք Գյուլբենկյան փողոցում և բացառիկ հարգալից վերաբերմունք ցուցաբերեք ոստիկանների նկատմամբ, ոչինչ մի արեք, ագրեսիվություն մի դրսևորեք»,-ասաց նա։
Ի պատասխան Փաշինյանի կոչին` մի կին արձագանքեց. «Ո՞վ կարող է սրանց բան ասել, ամեն մեկը՝ մի մարդակեր»: Ոստիկանները կոչ են անում բացել ճանապարհը:

09:50

Ցուցարարները սկսել են ճանապարհներ փակել առավոտյան ժամը 8:00-ից: Փակ է Երևանի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը: Նշված ճանապարհահատված են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր փորձում են կարգավորել երթևեկությունը:

09:40

Արդեն 8-րդ օրն է՝ Երևանում շարունակվում են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կազմակերպած բողոքի գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին ու այլ ակտիվիստների։ Այդ պահին Դավիթ Սանասարյանն իր բջջային հեռախոսով ուղիղ եթերում էր և հանրության հորդորեց վստահ լինել, որ վաղ թե ուշ ամեն ինչ փոխվելու է։

«Սերժ Սարգսյանը չի կարող բոլորիս մատների վրա խաղացնել»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին