Կարևոր իրադարձություններ

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

19 Ապրիլ, 2018 23:48
Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Երեկ Հանրային հեռուստաընկերության օրակարգից դուրս հաղորդաշարի հյուրն էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը պատասխանել է այժմյան քաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:

«Ես այունամենայնիվ չեմ կարողանում ինքս ինձ համար պատասխանել այն հարցին, թե ո՞րն է այս իրադարձությունների դրդապատճառը: Մենք մեկ տարի առաջ անցել ենք բավականին լուրջ գործընթացով, ձևավորվել է խորհրդարան, և առաջին անգամ երկար տարիների մեջ այդ խորհրդարանի ձևավորման նկատմամբ գոյություն ունի հանրային բավականին բարձր վստահության աստիճան: Այն կարևորագույն հարցերը, որ ընտրությունների հետ միշտ կապվում էր` կրկնակի քվեարկություններ, լցոնում, մեկ անձի փոխարեն այլ անձի քվեարկում, իսպառ բացառվել էին այն ընթացակարգերով, որոնք ձևավորվեցին Ընտրական օրենսգրքով և այլն: Ընդդիմությունը ձևավորեց իր խմբակցությունները խորհրդարանում, նրանք կարողացան լիարժեք մաս կազմել խորհրդարանական մոդելի անցման: Ձևավորվեց կառավարություն, որը ներկայացրեց ծրագիր և մեկ տարվա ընթացքում տվեց արդյունք:

Մեզ երկար մեղադրում էին ընտրական գործընթացի ժամանակ, որ փորձում ենք հանրությանը գցել մոլորության մեջ՝ ձևավորելով ցուցակ, որը կուսակցության իրական ուժը չի արտահայտելու: Ունենք տնտեսական բավականին նկատելի արդյունքներ, ունենք հայեցակարգային փոփոխություններ կառավարման ամենատարբեր ոլորտներում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու` արդեն կայացած փաստին, և հղում է արվում Սերժ Սարգսյանի 4 տարի առաջ արված հայտարարությանը, լրագրողի այսպիսի դիտարկմանը Սարգսյանն արձագանքեց, որ կարծում է՝ այդ համատեքստում Սերժ Սարգսյանը մանրամասն պատասխանել է հարցին: «Բողոք պետք է լիներ, եթե ձայների մեծամասնություն ստացած խորհրդարանական ուժի ղեկավարը փորձեր ստվերից կառավարել գործընթացները: Այդ դեպքում մտահոգությունները պետք է շատ ավելի ըմբռնելի լինեին, քան, երբ ինքը ստանձնելով քաղաքական պատասխանատվություն այն ուժի համար, որը ձևավորել է քաղաքական մեծամասնություն ներկայանում է խորհրդարան, և ձևավորվում է այն ուղղահայացը, որն իրական որոշումների կայացման համար պատասխանատու է այս երկրում: Այնպես որ, այդ դժգոհությունը ինձ համար գոնե այդքան ըմբռնելի չէ»,- ասել է Սարգսյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում հարցի հանգուցալուծումը Վիգեն Սարգսյանը և ինչքա՞ն պետք է իշխանությունն ընդառաջ գնա Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին, Սարգսյանը պատասխանել է, որ ընդառաջ գնալու և փոխզիջման խնդիր չկա, այն, ինչ հնչեցվում է հրապարակում, ենթադրում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքը, և այն տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության տրամաբանությունից: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե, և կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է խոսել կարմիր գծերը չանցնելու մասին, որոնք կարող են ուղղակի տեղ չթողնել հետագա երկխոսության, քննարկման համար»,- պատասխանեց Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը հայտարարել է, թե քաղաքացիների պահանջն իր համար հասկանալի չէ: Նա կարծում է, որ ոստիկանների գործողությունները գերարհեստավարժ էին, և նա միացավ Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների ծափահարություններին, որը հնչեցվում է ոստիկանության հասցեին:

Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը լավ էր աշխատում, ինչո՞ւ նա չմնաց վարչապետ, Սարգսյանը պատասխանեց. «Որպես կուսակցություն մենք ունենք որոշումներ կայացնելու ընթացակարգեր: Մենք ունենք տարբեր խնդիրների լուծումները համաչափ գտնելու համադրություն: Կառավարման համակարգի համար անհամեմատ ավելի արդյունավետ է, երբ ուղղահայացը պետական կառավարման համակարգի` արտացոլում է իրական որոշումների կայացման համաչափությունը: Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է, և նշանակված պաշտոնյաները կայացնում են որոշումներ բեմի հետևից հնչող ցուցումներով, այնպես որ, ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին