Կարևոր իրադարձություններ

Նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին և կողմերից չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել. «Ժողովուրդ»

19 Ապրիլ, 2018 09:10
Նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին և կողմերից չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել. «Ժողովուրդ»

«Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին և կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ և´ Արևմուտքը, և´ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել: 

Մինչդեռ երեկ ընդհակառակը, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ և´ Արևմուտքի, և´ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր: ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել մինչև հիմա ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ ու նշել. «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

 ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով. «Ամենակարևորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա: Եվ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել, կարևորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն»: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: 

Նկատենք նաև, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը և իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ: Իսկ իշխանությունները երեկ արդեն փողոց են դուրս բերել զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ, որոնք գիշերային ժամին «պտտեցնում էին» մայրաքաղաքի կենտրոնում»,-գրում է թերթը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին