Կարևոր իրադարձություններ

Մոնիտորինգի արդյունքներով՝ ոստիկանությունը չի պաշտպանում խաղաղ ցուցարարների անվտանգությունը. «Փաստ»

19 Ապրիլ, 2018 08:03
Մոնիտորինգի արդյունքներով՝ ոստիկանությունը չի պաշտպանում խաղաղ ցուցարարների անվտանգությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունն այս օրերին իրականացնում է խաղաղ հավաքների մոնիտորինգ և արձանագրում դրանց ընթացքում ոստիկանության կողմից թույլ տրվող խախտումներն ու անգործության դեպքերը:

 

ՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Երևան քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների մոնիտորինգը սկսել են ապրիլի 9–ից, և անցած 9 օրերի ընթացքում գրանցվել է հետևյալ պատկերը:

«Չնայած «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն խաղաղ ցույցի վայրը պարտավոր են հսկել ոստիկանները, սակայն առաջին օրը արձանագրեցինք, որ հանրահավաքի վայրում որևէ ոստիկան չկա: Նրանք պարտավոր էին տարածքում լինել և պահպանել ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Նույն պատկերը շարունակվեց 7 օր, մինչև ապրիլի 15–ը: Երբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ միջադեպ և կիրառվեցին հատուկ միջոցներ, դրանից հետո արդեն ոստիկանական ուժերը ներկայացան, բայց մեր դիտորդները քաղաքացիներին պաշտպանող ոստիկանական ուժեր չեն տեսել, չնայած որ նրանք պարտավոր էին պաշտպանել խաղաղ ակցիայի մասնակիցների անվտանգությունը»,– ասաց Շ. Սողոմոնյանը:

Նա նաև հայտնեց, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ նույնպես պարտավոր էր մի քանի անգամ բարձրախոսով հայտարարել և զգուշացնել այդ մասին:

Խոսելով ապրիլի 16–ին Հերացի–Կորյուն փողոցների հատման վայրում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մեքենայի վարորդը մի քանի անգամ մեքենան վարել էր խաղաղ ցուցարարների վրա, իսկ այդ ընթացքում ոստիկանները ցուցարարներին պաշտպանելու փոխարեն, մի կողմ կանգնած այս ու այն կողմ էին նայում և չէին միջամտում, ասաց.

«Մենք ոչ միայն ֆիքսել ենք դեպքը, այլ անմիջապես հաղորդում ենք տարածել և ՀՀ դատախազությանը կոչ ենք արել անհապաղ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել անօրինական գործողություններ իրականացրած վարորդին: Մեր դիտորդներն արձանագրել են, որ ոստիկանությունը թեև գտնվել է տվյալ վայրում, բայց անգործություն է ցուցաբերել: Ի դեպ, այդ վայրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների անգործությունը ֆիքսել են նաև լրատվամիջոցները: Հայտնեմ նաև, որ դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ մեր հայտարարությունից անմիջապես հետո քրեական գործ է հարուցվել»,– ասաց կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավարը:

 Խոսելով ֆեյսբուք սոցիալական ցանցում ոստիկանների անգործության վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու մասին, նա ասաց, որ սոցիալական ցանցերով եկող չափից շատ տեղեկություններ են գալիս, բայց քանի որ այդ հարթակներից շատ են նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, ուստի կարճ ժամանակում չեն կարող այդ ամենն ուսումնասիրել:

«Հիմա ինֆորմացիայի հսկայական հոսք է գալիս, իսկ սոցիալական ցանցերում շատ «ֆեյք» ինֆորմացիա կա: Հիմա մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք այն իրադարձությունների վրա, որոնց մասին տեղեկություն ենք ստանում, իսկ սոցցանցերի ուսումնասիրությունը կատարվում է դրան զուգահեռ, որի մասով այս պահին դեռևս որևէ ամբողջական տեղեկություն չունենք: Բացի այդ, ցանկացած վայրից մենք ուղիղ եթեր ենք իրականացնում: Այն անձինք, ովքեր այս ընթացքում տուժել են և ունեն իրավաբանական օժանդակության կարիք, ովքեր իրենց ձեռքի տակ ունեն բռնություններին ոստիկանության կողմից անգործություն ցուցաբերելու փաստեր, կոչ եմ անում դիմել մեր կազմակերպությանը»,– ասաց Շ. Սողոմոնյանը:

Նա նաև նշեց, որ դիտարկումը ԵԱՀԿ–ի կողմից խաղաղ հավաքների և ցույցերի մոնիտորինգի համար սահմանված գործիքակազմն են օգտագործում և հետագայում, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները, դրանք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Խոսելով այսօրվա ընթացքում ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների մասին՝ նա նշեց, որ իրենք զբաղվում են 13 բերման ենթարկվածներին ազատ արձակելու գործով, որոնցից 5–ին արդեն հաջողվել է ազատ արձակել:

«Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ, որոնց մասին հայտարարություն կազմակերպությունը կտարածի ավելի ուշ»,– ասաց Շ. Սողոմոնյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս

Դիտել ավելին