Կարևոր իրադարձություններ

«Անհատ ձեռներեցների թիվն ավելացել է, ավտոմեքենաների գինը՝ նվազել». «Փաստ»

17 Ապրիլ, 2018 09:00
«Անհատ ձեռներեցների թիվն ավելացել է, ավտոմեքենաների գինը՝ նվազել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի առաջին եռամսյակում երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 168,1%–ով ավելացել է: Մասնավորապես՝ հունվար–մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա և մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր է ապահովվել: Նշված ցուցանիշը 8633–ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը: Նախորդ տարի հունվար–մարտ ամիսներին ներկրվել է 5135 մեքենա և 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց պետբյուջեի մուտքերի 278,6% աճ է ապահովվել: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով, նշված տվյալները բարեկեցության ցուցանիշ են:

 «Ընդհանրապես, մեր հանրապետությունում ավտոմեքենան դեռ շքեղության և ճոխության առարկա է համարվում: Եթե ճոխություն համարվող իր է ձեռք բերվում, այն էլ մեծ քանակի, ինչը գերազանցում է նաև նախորդ տարվա ցուցանիշները, ուրեմն՝ ժողովրդի բարեկեցության աստիճանը: Մարդիկ կուտակել են գումարներն ու 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի շատ շարժակազմ են ձեռք բերել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ. Եղիազարյանը:

Հետաքրքրվեցինք՝ ոլորտում անհատ ձեռներեցների գործունեության առումով ի՞նչ ցուցանիշ կա:

«Այդ ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռներեցների թիվն ավելացել է: Իմ անձնական համոզմամբ, առհասարակ որտեղ մրցակցություն կա, կա նաև գների զսպում: Իսկ այնտեղ, որտեղ կա մոնոպոլ համակարգ, ինչ գին ուզում՝ դնում են: Ավտոմեքենաների առք ու վաճառքի ոլորտը բաց է և մենաշնորհ չկա: Իհարկե, կան խոշոր ներկրողներ, բայց անհատ ձեռներեցներ ևս կան»,– ընդգծեց Փոխադրողների միության նախագահը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա կտրվածքով, ավտոմեքենաները Հայաստան են ներկրվում կրկին ամենաշատը Վրաստանից. «Գների վերաբերյալ հնարավոր փոփոխություններին հստակ չեմ տիրապետում, բայց որքանով ինձ հայտնի է, ավտոմեքենաներն այնտեղ անհամեմատ շատ մատչելի են, քան, օրինակ՝ Հայաստանում»:

Հարցին, թե ավտոմեքենաների ներմուծման առումով Վրաստանին այլընտրանք ունենալու հնարավորությունն այս պահին կա՞, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Մենք այդ այլընտրանքը գրեթե չունենք: Թուրքիան փակ տարածք է մեզ համար, Ադրբեջանը նույնպես: Պարսկաստանն էլ թեև բաց է, բայց այնտեղից մեքենա ներկրելու ավանդույթ չկա մեզ մոտ»:

Հարցին, թե Հայաստանում ավտոմեքենաների գների առումով գնային ինչպիսի՞ տատանումներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ, կա գների իջեցում: Այդ տենդենցը առկա է հատկապես օգտագործված մեքենաների ներկրման պարագայում»:

Նշենք, որ ապրիլի 10–ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը, որը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան է կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ–ն:

 Հրանտ Եղիազարյանն, անդրադառնալով փոփոխությանը, ընդգծեց. «Եթե մարդկային գործոնը վերանում է, ապա այդ փաստը միշտ որպես դրական փոփոխություն պետք է համարել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին