Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Թեժ ապրիլի շահառուները. մեծ է հին արդյունքի կամ հետեւանքի կրկնության հավանականու­թյունը. «Ժամանակ»

14 Ապրիլ, 2018 10:27
Թեժ ապրիլի շահառուները. մեծ է հին արդյունքի կամ հետեւանքի կրկնության հավանականու­թյունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլը թեժ է ստացվում, եւ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես էներգազրկված քաղաքական դաշտը վերադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավականին անորոշ է թե՛ իր հեռանկարով, թե՛ օրակարգով:

Խոսքը երկարաժամկետ հեռանկարի եւ օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքականության Աքիլլեսյան գարշապարն է եղել ու կարծես թե շարունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ ասած՝ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի ակտիվության մասին խոսակցությունը դեռեւս հում է, քանի դեռ շարունակում են բաց լինել հարցերը, որոնք եթե նախորդ ակտիվացումների դեպքում սովորաբար տրվում էին պոստֆակտում, ապա այժմ տրվում են ակտիվացումից առաջ կամ առնվազն դրան զուգահեռ:

Առայժմ նկատելի է, որ իրավապահների, ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ չի նշմարվում: Այդ պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա՛մ բախվել իշխանության ուժին ու նահանջել, կա՛մ ստեղծել իրավիճակ, երբ ոստիկանությունը պարզապես կհրաժարվի ուժ կիրառել եւ այսպես ասած՝ կանցնի հանրության կողմը: Բայց դրա համար անհրաժեշտ է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կայուն ներկայությունը հրապարակում: Կայուն ներկայությունը, անշուշտ, չունի միայն հստակ ֆիզիկական իմաստ կամ նշանակություն: Կայուն ներկայությունը ամենից կարեւոր մասով նշանակում է առնվազն միջնաժամկետ ապագայի տեսլական, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ ընդհանրապես պետական կառավարման համակարգի տարբեր առանցքային սեգմենտների համար, որոնք սովորաբար կազմել են իշխանության վարչահրամայական ուժը:

Բայց այդ մասշտաբի բազմություն հավաքելու համար, որին էլ, այսպես ասած, կզիջի եւ կմիանա վարչահրամայական մեխանիզմի հիմնական մասը, այդպիսով իրականություն դարձնելով իշխանափոխությունը, նախ պետք է կայուն միջնաժամկետ հեռանկարների տեսլական մատուցել հասարակությանը՝ չաշխատելով միայն մեկ անձից կամ թեկուզ ամբողջ համակարգից եղած դժգոհության վրա: Եթե այդ դժգոհության վրա ընդդիմադիր արդյունավետ պայքար չէր ծավալվել նախկինում, երբ բազմազան ու խայտաբղետ չէր տեղեկատվական դաշտը, ու հանրությունը կողմնորոշվում էր՝ այսպես ասած, իշխանության աղբյուրներին կա՛մ հավատալով, կա՛մ չհավատալով,- իսկ, որպես կանոն, չէին հավատում,- ապա հազիվ թե ներկայիս տեղեկատվական խայտաբղետության ու բազմազանության պայմաններում հնարավոր լինի զուտ դժգոհության վրա կառուցել այդպիսի պայքար: Առավել եւս, որ ակնհայտ է մի բան՝ ինչ-ինչ, բայց տեղեկատվատեխնոլոգիական հարթությունում արդյունավետ աշխատանքի հմտություն իշխանությունը ձեռք է բերել բավականին շոշափելի կերպով:

Կայուն միջնաժամկետ տեսլական չկա նաեւ հենց դժգոհ հանրության համար, որն ինքն էլ տեսել ու համոզվել է, որ միայն, այսպես ասած, բացասական «քվեարկությունը» ելք չէ, եւ անհրաժեշտ է ավելին: Այդպիսով, կա նոր թեժություն, որը սակայն գործնականում զուրկ է նոր բաղադրությունից եւ բովանդակությունից, հետեւաբար մեծ է հին արդյունքի կամ հետեւանքի կրկնության հավանականությունը:

Իշխանության «դիմակը» կարող է պատռվել հերթական անգամ, հերթական անգամ իշխանությունը կարող է ստանալ «համազգային» հայհոյանքների ահռելի մի չափաբաժին, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ միայն վարժվել է այդ ամենին, այլ վաղուց գտել թերեւս դրանից նույնիսկ սնուցվելու եւ ավելի լեգիտիմանալու տարբերակը:

Ընդ որում՝ այստեղ գործ կարող ենք ունենալ լեգիտիմության թերեւս ամենավատթար տարբերակի հետ, երբ «մեկ անձի» հանդեպ ահռելի դժգոհությունն ու ատելությունը կարող է բազմապատկվել ահռելի չափերով, միեւնույն ժամանակ լատենտ լեգիտիմության նոր չափաբաժնով օժտելով, այսպես ասած, հարակից, բուրգի լանջերին գտնվող մեծ ու փոքր սուբյեկտներին ու շահառու խմբերին: Մի բան, որ գործնականում տեղի է ունեցել մի քանի անգամ, երբ թվում էր, թե իշխանությունն այլեւս չէր կարող ուշքի գալ, բայց իրականում ստացվել է, որ հերթական հիասթափությունից ուշքի չի եկել հասարակությունը:

Թվում էր, որ 2016-ի հուլիսյան իրադարձություններից հետո արդեն Հայաստանում թերեւս պետք է փակվեր քաղաքական այդ տրամաբանության վրա կառուցված ցիկլը, եւ ընդդիմության դաշտում պետք է տեղի ունենար խորքային դիսկուրս նոր ցիկլի շուրջ՝ տեսնելով, որ հինը միայն ու միայն ամրացնում է համակարգը եւ խաղաքարտեր տալիս համակարգի այս կամ այն թեւի ձեռքին՝ ներքին հարցեր լուծելու համար, իսկ հանրային հարցերը լավագույն դեպքում կարող են մի փոքր օգտվել մանիպուլյացիոն գործածությունից՝ խորքային առումով իրականում ենթարկվելով առավել մեծ մաշվածության:

Կտարբերվի՞ իրավիճակը այս անգամ: Կամ գոնե այս անգամից հետո պարզ կլինի՞, որ հաճախ աղմուկը խաբուսիկ է, եւ իրականում շատ ավելի հեռուն կարող է տանել անաղմուկ ու երկարատեւ աշխատանքը՝ նախ սխալների եւ բացթողումների վերլուծության ուղղությամբ, հետո նպատակներն ու թիրախը առավելագույն ճշգրտությամբ հասկանալու եւ սահմանելու, իսկ դրանից հետո էլ՝ «ինչ պետք չէ անել»-ը հասկանալուց հետո, թեկուզ «բացասման» եղանակով անելիքը դիտարկելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին