Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

13 Ապրիլ, 2018 16:58
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում մեծ հայորդի, ՀՀ ազգային հերոս, կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Այն իր ուրույն տեղն ունի մշակութային հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Երևանում: Դուք հանդես եք գալիս իսկապես կարևոր նախաձեռնությամբ, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել և իր ուրույն նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման գործում, այն էլ հատկապես այս տարի, երբ նշում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը և իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել հայազգի աշխարհահռչակ շանսոնյեին:
Իր հերթին, Երևանի քաղաքապետին փոխանցելով Շառլ Ազնավուրի ջերմ ողջույնները, Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին ջերմ վերաբերմունքի ու աջակցության պատրաստակամության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին