Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ալիևի կոռուպցիոն ռեժիմը. ամերիկացի պաշտոնյաներ

12 Ապրիլ, 2018 11:38
ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ալիևի կոռուպցիոն ռեժիմը. ամերիկացի պաշտոնյաներ

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիխը և Freedom House միջազգային կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Քրեմերը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ալիևի կոռուպցիոն ռեժիմը, այլ ոչ թե հաշտվել դրա հետ: Այդ մասին նրանք գրել են Foreign Policy-ում հրապարակված իրենց հոդվածում:

Հոդվածում նրանք գրել են, որ ընտրությունների նախաշեմին Ալիևի կառավարությունը մասշտաբային զորավարժություններ է իրականացրել, և անգամ Երևանն անվանել Ադրբեջանի մաս՝ փորձելով քաղաքացիներին համախմբել դրոշի շուրջ:

Հեղինակները վստահ են, որ ապրիլի 11-ի ընտրությունների արդյունքներով Իլհամ Ալիևը կվերընտրվի:

«Մենք արդեն գիտենք, որ նախագահ Իլհամ Ալիևի համար, որն իշխանության մեջ է գտնվում 2003 թվականից՝ իր հորը փոխարինելուց հետո, երաշխավորված է ևս մեկ ժամկետ: Ադրբեջանում կեղծված ընտրություներին անգամ ընդդիմադիր կուսակցություններն են հրաժարվել մասնակցել` փոխարենը զանգվածային բողոքի ցույց կազմակերպելով մարտի 31-ին: Ցուցարարների պահանջների թվում է եղել ազատ արձակել ավելի քան 100 քաղբանտարկյալներին»,- գրում են հեղինակները:

Հոդվածագիրները շեշտում են, որ ալիևյան Ադրբեջանի մասին միջազգային հանրությունը մոռանում է, քանի որ Արևմուտքը տարված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով, բայց նրա վարչակազմը տարածաշրջանում ամենակոռումպացված և ավտորիտար վարչակազմերից մեկն է: Ի տարբերություն Պուտինի Ռուսաստանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի Բելառուսի, որոնց դեմ մարդու իրավունքների ոտնահարումների համար պատժամիջոցներ են սահմանվել, Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգները և Եվրոպան նման քայլերի չեն դիմել: Դրա պատճառն այն է, որ Բաքուն նավթարտադրող կարևոր երկիր է և Աֆղանստանում ամերիկյան զորքերի համար մատակարարումների հյուսիսային ճանապարհի մի մաս:

Հեղինակները նշում են, որ լռելու իր քաղաքականությամբ ամերիկյան կառավարությունը ոչ մի օգուտ չի տվել Ադրբեջանի ժողովրդին, ոչ էլ տարածաշրջանում ամերիկյան շահերին:


 



 

 

Լրահոս

Դիտել ավելին