Կարևոր իրադարձություններ

«Տարածաշրջանում մեծ միսիա ունենք՝ Սևանին չի կարելի ձեռք տալ». Գագիկ Սուխուդյան. «Փաստ»

12 Ապրիլ, 2018 08:00
«Տարածաշրջանում մեծ միսիա ունենք՝ Սևանին չի կարելի ձեռք տալ». Գագիկ Սուխուդյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ: «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը թեև շեշտեց, որ չափաքանակն օրենքով է սահմանված, այդուհանդերձ, ըստ նրա՝ խնդիրներն անհերքելի են:

«Ստիպված է նման չափաքանակ սահմանվել: Պետք է որ այդ չափաքանակը վնաս չտար, եթե աշխատեին և՛ Որոտան–Արփա, և՛ Արփա–Սևան թունելները: Ե՛վ Սևանի մակարդակը կվերականգնվեր, և՛ ջրի որակը: Բայց Արփա–Սևանն արդեն քանի տարի է՝ կանգնած է վերանորոգման: «Որոտանի կասկադից»՝ այսինքն՝ Սպանդարյան ջրամբարից էլ պետք է 140 մլն խմ ջուր գար, բայց այսօր ոչ մի կաթիլ ջուր չի մտել Սևան: Սպանդարյանի թունելում ցամաք է, այն չի աշխատում, իսկ Արփայից, որքանով տեղյակ եմ, մի քանի կաթիլ ջուր է եկել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Սուխուդյանը: Նշենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ջրամբարների թերլցվածության խնդիրը լուծելու և Սևանից հավելյալ ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար գուցե դիմեն Ազգային ժողով:

Անդրադառնալով հայտարարությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ամեն տարի նույն «երգն» են երգում: Փոխարենը ոռոգման ցանցը վերանորոգեն՝ ամեն տարի կպչում են Սևանին: Սա արդեն սովորական բան է, բայց Սևանին չի կարելի ձեռք տալ: Մենք չենք հասկանում, որ խմելու ջուրը ոսկուց թանկ է: Անցած տարի Կարեն Կարապետյանը մի արտահայտություն արեց՝ Սևանում հավելյալ 1 միլիարդ խմ ջուր կա, 3 տարվա նախագիծ ներկայացրեք, թե ինչպես պետք է այդ ջուրը թափվի: Բայց ո՞վ ասաց, որ պետք է թափվի, չի կարելի: Դա գազ չէ, նավթ չէ, բիզնես չէ: Ջուրը պետք է կուտակել, հետո Սևանի մակարդակը բարձրացնելով՝ կաթիլ–կաթիլ կարելի է վաճառել: Մեր հարևան երկրներն այդ առումով մեզանից ցածր են: Ուղղակի մաքուր ջուր պետք է տանք՝ մենք լավ ապրենք, իրենք էլ ծարավ չմնան: Մենք այն դևն ենք, որը սարերում ակունքի կողքին է կանգնած: Մենք չենք գիտակցում, որ համենայն դեպս մեր տարածաշրջանում այդպիսի մեծ միսիա ունենք»:

Նրա խոսքով ջուրն է կարևոր. «Ավտոճանապարհ կարելի է սարքել, տեղափոխել, բայց ջուր չի կարելի ստանալ: Քաղցրահամ ջուր ստանալը մարդու փեշակը չէ: Մինչև չհասկանանք, որ դա մեր ամենամեծ հարստությունն ու պարծանքն է, արդյունք չի լինի: Ամեն տարի սկսում են առևտուր անել, ինչն անընդունելի է: Օրինակ՝ անցած տարի 100 մլն խմ թողեցին: Մի տարի ասում են՝ երաշտ է, մի տարի՝ երաշտ չի: Ջուրը սրբության պես պետք է պաշտել, բայց տվել են մարդկանց, ովքեր, մեղմ ասած, այլ կերպ են վերաբերվում ջրին: Իրենք էլ գիտեն, որ կորուստ ունեն և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրի ցանցում: Բա ինչո՞ւ չեն լուծում կորուստների հարցը: Որովհետև ձեռնտու չէ: Որովհետև պակասը կարելի է կորուստների վրա գցել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ կորուստները լրացնելու այլընտրանքային քաղաքականություն ևս չի մշակվում:

«Մի զուգահեռ անցկացնեմ: Պահեստում վաճառվելու ենթակա 100 շիշ է դրված: Եթե առավոտյան այդ 100 շշից մնա 20–ը, մնացած 80–ը անհետանա, այդ պահեստապետը կլինի՞ ազատության մեջ: Վաղուց ձերբակալված չէ՞ կլիներ: Բայց քանի որ նույն 80%–ը բնության մեջ է, ոչ մեկ պատասխան չի տալիս: Ամեն տարի նույն պատմությունն են կրկնում՝ կորուստները շատ են: Եղբա՛յր, դու ես չէ՞ վերցրել այդ համակարգը, ուրեմն՝ պատասխանիր կորուստների համար, կամ էլ ասա՝ չեմ կարող, թողնում եմ գնամ, թող գա նա, ով կորուստները մի քանի տարում գոնե 10% կսարքի»,– եզրափակեց Գ. Սուխուդյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին